Լրահոս

06.06.2016 18:40


Ավետիք Իշխանյանն անդրադարձել է Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին

Ավետիք Իշխանյանն անդրադարձել է Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին

–Ես չեմ կարծում, որ Ղարաբաղում, Հայաստանի հետ համեմատած, վիճակը շատ ավելի ժողովրդավար է, բայց, ամեն դեպքում, խաղի կանոններն այլ էին։ Ես դեռ չեմ հիշում որևէ դեպք, որ Ղարաբաղում ընդդիմադիր հայացքներ ունենալու համար որևէ մեկը ծեծի ենթարկվեր,– «7or»–ի հետ զրույցում ասել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին,–դա ավելի շատ բնորոշ է Հայաստանին, բայց ոչ Արցախի Հանրապետությանը։ Այն փաստը, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողների հետ նման վարվելաձևը տեղափոխվել է նաև Արցախ, շատ մտահոգիչ է, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Իշխանյանը նշել է, որ դեռևս շատ չնչին հույսեր ունի, որ այդ միջադեպը եղել է ոչ թե հատուկ պետական մակարդով և իշխանությունների ցուցումով, այլ ինքնագործունեություն, ինչն էլ շատ շուտով կպարզվի։

–Եթե դա եղել է ինքնագործունեություն, ապա մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն, իսկ եթե դա այդպես չէ, ապա իրավիճակը շատ մտահոգիչ է,–նշել է Իշխանյանը։

Այն հարցին՝ արդյոք կատարվածը կարո՞ղ է որևէ կապ ունենալ հունիսի 5–ին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Արցախ մեկնելու և նրան պաշտպանության նախարար նշանակելու Հայկ Խանումյանի և արցախցիների սկսած նախաձեռնության հետ, Ավետիք Իշխանյանը նշել է, որ առաջին հայացքից տեղի ունեցածը կապվում է Սամվել Բաբայանի վերադարձի հետ։

–Որպեսզի մենք՝ հասարակ մահկանացուներս, կատարվածը չկապենք Սամվել Բաբայանի վերադարձի հետ, թող իրավապահ մարմինները հստակ պարզեն մեղավորներին և պատժեն,– ասել է Իշխանյանը։

Նա հավելել է, որ եթե անգամ կատարվածն ինքնագործունեության արդյունք է, ապա, իր կարծիքով, դա կրկին կապված է ընթացող քաղաքական գործընթացների՝ Սամվել Բաբայանի վերադարձի և հնարավոր նշանակման հետ։

–Դա եղել է ինքնագործունեություն թե միտում, երկու դեպքում էլ ես կապում եմ Սամվել Բաբայանի վերադարձի և նրա հնարավոր գործունեության հետ, և թող Արցախի իրավապահ մարմիններն ապացուցեն հակառակը,–ասել է Ավետիք Իշխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը