Լրահոս

19.10.2010 11:00


Լուսանկարիչը Մայք Թայսոնից 25 մլն դոլար է պահանջել

Լուսանկարիչը Մայք Թայսոնից 25 մլն դոլար է պահանջել

Ինչպես հաղորդում է «TMZ» լրատվական գործակալությունը, պապարացի-լուսանկարիչը  փորձում է դատարանի միջոցով  բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնից  25 մլն դոլար ստանալ։

Թայսոնի դեմ հայց ներկայացրած լուսանկարիչ Անտոնիո Էչավարին պնդում է, որ  բռնցքամարտիկը 2009թ. նոյեմբերին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հարձակվել է իր վրա։ Ըստ հայցվորի՝ Թայսոնն իրեն հարվածել է  ձախ ձեռքը բռունցք արած, լուսանկարչական սարքն էլ ջարդել է։ Նա նաև հայտարարել է, թե օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ինքն ուղեղի ցնցում և ողնաշարի վնասվածքներ է ստացել։

Էչավարիին Թայսոնի պատճառած վնասը գնահատվում է 25 մլն դոլար։

2009թ. նոյեմբերի 11-ին  լուսանկարչին ծեծելու կասկածանքով Լոս Անջելեսի օդանավակայանում Մայք Թայսոնը ձերբակալվել է։

Բռնցքամարտիկը հայտարարել է, թե լուսանկարիչն առաջինն է հարվածել իրեն, որպեսզի պատասխան հարված հրահրի։ Լուսանկարիչն իր հերթին պնդում է, թե նա իր  դեմքին է  հարվածել և փորձել է խլել ֆոտոխցիկը՝ արված լուսանկարները ոչնչացնելու նպատակով։

Լուսանկարչին օդանավակայանից տեղափոխել են հիվանդանոց, իսկ Թայսոնին՝ ոստիկանություն, որտեղ բռնցքամարտիկը մի քանի ժամ է մնացել և  20 հազ. դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ի վերջո, Թայսոնի դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, որովհետև Լոս Անջելեսի դատախազությունում «փաստերի անբավարար լինելու պատճառով» ոչ մի քրեական գործ չի հարուցվել, և լուսանկարիչն էլ ուղիղ դատարան է դիմել։

Այս խորագրի վերջին նյութերը