Մեկնաբանություն

08.06.2016 09:50


Բակո Սահակյանի «օպերատիվ» ու դեմագոգիկ արձագանքը

Բակո Սահակյանի «օպերատիվ» ու դեմագոգիկ արձագանքը

ԼՂՀ նախագահ աշխատող Բակո Սահակյանը երեկ երեկոյան արձագանքել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծին:

«Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար (երևի կպարզեն, որ Խանումյանն է մեղավոր եղել-Կ. Մ.)»,- մասնավորապես նշված է Սահակյանի հայտարարության մեջ:

Մինչ այդ Սահակյանն այս միջադեպին արձագանքում էր իր մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի միջոցով: Վերջինս բացահայտորեն արդարացնում և հիմնավորում էր Խանումյանի նկատմամբ կիրառված բռնությունը «Լավ են արել. դրան հասնում էր» ոճի մեջ: Դ. Բաբայանը չէր էլ թաքցնում, որ իշխանությունն է բռնության հեղինակը:

Հիմա հարց է առաջանում՝ ո՞րն է Բակո Սահակյանի իրական տեսակետը:

Մամլո խոսնակը աշխատավարձ է ստանում, որպեսզի իր ղեկավարի մտքերը փոխանցի: Այնպես չէ, որ Բակոն չէր իմանում, թե ինչ է ասում իր Դավիթը (սույն խոսնակն, ակնհայտորեն, հոգեկան խնդիրներ ունի, հիստերիկ է, և միայն երկարատև բուժումից հետո նրան կարելի է բաց թողնել համապատասխան բուժհաստատությունից): Եվ ուրեմն, Դավիթ Բաբայանն արտահայտել է Բ. Սահակյանի իրական տեսակետը: Հետո, երբ այս պատմությունը լայն արձագանք է ստացել, Երևանից հրահանգել են դիմել դեմագոգիայի օգնությանը: Արդյունքում՝ Բակո Սահակյանն «օպերատիվ» կարգով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մշտական կապի մեջ է համապատասխան մարմինների հետ, և գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության տակ:

Ուշադրությո՛ւն դարձրեք. Խանումյանին զինվորական հագուստով մարդիկ ծեծել են և առևանգել Ստեփանակերտի կենտրոնում: Օրը ցերեկով: Պետական հիմնարկների դիմաց: Բոլորի աչքի առաջ: Բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ: Ծեծի մասին իմացան բոլորը շատ արագ, քանզի «Սիվիլնեթի» լրագրող Դերենիկ Մալխասյանը միջադեպի ականատեսն է եղել ու լուր տարածել այդ մասին:

Բոլորն իմացել ու արագ արձագանքում էին, իսկ ահա Բակո Սահակյանը, ով հիմա սրտաճմլիկ բաներ է ասում Ղարաբաղի պետականության ստացած հարվածների մասին և անընդունելի համարում պատգամավորի ծեծը, արձագանքում է միայն ծեծի հաջորդ օրը երեկոյան: Երևի այդպիսի «օպերատիվությամբ» էլ Բակո Սահակյանը և ներկայումս էժանագին «շավկայի» դեր կատարող ԼՂՀ ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանը գործել են ապրիլյան թեժ մարտերի ժամանակ, որի արդյունքում ունեցանք ցավալի կորուստներ:

Եզրակացությունը մեկն է՝ Բակո Սահակյանը ձևեր է թափում և ընդամենը հերթապահ հայտարարություն անում, քանզի զինվորական հագուստով ծեծող մարդկանց շատ արագ, մի քանի ժամվա ընթացքում կարելի էր հայտնաբերել Լևոն Մնացականյանի «կանտոռայում», բայց դա չի արվել: Չի ստորագրվել նաև Դավիթ Բաբայանի պես կենդանուն աշխատանքից ազատելու որոշումը (հակառակ դեպքում ստացվում է, որ Բակոն պարզապես խամաճիկ է և չի տիրապետում իրավիճակին):

Մնացածը դեմագոգիա է:

Ղարաբաղի ժողովրդին փորձում են վախեցնել, որ հանկարծ շատ չոգևորվեն Սամվել Բաբայանի վերադարձով ու չպայքարեն իրենց իրավունքների համար, բայց դե, բանդիտական ռեժիմը երկար գոյատևելու շանս չունի:

Բանդիտական ռեժիմը Ղարաբաղի անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Եվ այդ ռեժիմը պետք է վերանա: Միայն ազատ արժեքներով հանրությունը կարող է հաղթել սուլթանատի վերածված Ադրբեջանին:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: «Անկախ» լրատվամիջոցները վերջին օրերին դավիթբաբայանություն են անում, բայց՝ «նուրբ» տեխնոլոգիայի կիրառմամբ:

Սրանք քողարկված ձևով արդարացնում են Հայկ Խանումյանի ծեծը՝ «Սամվել Բաբայանի իշխանության տարիներին էլ է բռնություն եղել, հետևաբար Հայկը իր մաշկի վրա թող զգա այն, ինչ զգացել են Բաբայանից տուժածները» տարբերակով:

Սա այն նույն փչացած «պլաստինկան» է, որը պտտեցնում են համապատասխան շրջանակները տարիներ շարունակ: Բաբայանը պատերազմի տարիներին եղել է կոշտ կարգապահության կողմնակից, և հենց դա է եղել մեր հաղթանակների հիմնական գործոններից մեկը: Իսկ ուրիշ ինչպիսի՞ն պետք է լիներ պատերազմող բանակի հրամանատարը:

Եթե բանակային խստությունը քննադատելի է, ապա Գարեգին Նժդեհին պետք է անարգանքի սյունին գամել, քանզի ավելի դաժան զորահրամանատար մենք չենք ունեցել:

Այնպես որ, տեղական մամուլին առաջարկում ենք ծպտված դավիթբաբայանություն չանել: Ամեն ինչ շատ պարզ երևում է, այդ թվում՝ պատվիրատուի ականջները:

Այս խորագրի վերջին նյութերը