Լրահոս

08.06.2016 13:16


«Ազգային միասնություն» շարժման աջակցությամբ Վայոց ձորում իրականացվել են շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)

«Ազգային միասնություն» շարժման աջակցությամբ Վայոց ձորում իրականացվել են շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)

Շուրջ մեկ ամիս առաջ «Ազգային միասնություն» շարժումը Վայոց ձորի մարզում անցկացրեց իր անդրանիկ նիստը, որի ընթացքում մարզի բնակիչները ներկայացրել էին ծրագրեր, որոնց իրագործմանը պետք է աջակցեր «Ազգային միասնություն»-ը:

Նրանցից ամենաերիտասարդը՝ 15-ամյա Կարեն Մաթևոսյանն, առաջարկել էր մարզում զբոսաշրջության զարգացման համար շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ իրականացնել մարզի նշանավոր պատմամշակութային հուշարձանների տարածքներում:

«Ազգային միասնություն» շարժման փոխնախագահներ Արամ Սարգսյանին և Վլադիմիր Աղայանին առաջարկը հետաքրքրել էր:

Այսօր արդեն «Ազգային միասնություն» շարժման աջակցությամբ Վայոց ձորի երեք հուշարձան-համալիրի՝ Սուրբ խաչ, Թանահատ ու Սպիտակավոր եկեղեցիների տարածքը մաքրված է, մաքրությունը պահպանել հորդորող պաստառները՝ տեղադրված ու այս ամենն արել են 15 տարեկան դեռահասները:

Ինչպես Vesti.am-ի հետ զրույցում նշել է «Ազգային միասնություն» շարժման Վայոց ձորի կառույցի ղեկավար Վահե Վարդանյանը՝ արդյունքն ակնհայտ է, երեխաները՝ ոգևորված.

-Ողջունելին այն է, որ հայոց բանակի վաղվա զինվորներն են այդ ամենն անում: Ինձ հետ զրուցելիս Կարենն ասաց՝ ուզում ենք մեր թիկունքում մաքուր, հյուրընկալ հայրենիք ունենալ, որպեսզի ավելի վստահ կանգնենք մեր սահմաններին,-ասել է Վահե Վարդանյանը՝ Վայոց ձորի մարզի բնակիչների կողմից շնորհակալություն հայտնելով նախաձեռնող խմբին, աջակցողներին՝ նման ծրագրեր իրականացնելու համար:

«Ազգային միասնություն» շարժման Վայոց ձորի կառույցի ղեկավարն ընդգծել է, որ նախատեսված էր, այս աշխատանքներին ավելի շատ երեխաներ ներգրավել, սակայն, քանի որ քննական շրջան է, աշխատանքներն իրականացնում են 6 հոգի:

Անդրադառնալով իրականացվող աշխատանքների համար տարածքների ընտրությանը՝ Վահե Վարդանյանը նկատել է, որ պատմամշակութային հուշարձաններ շատ են այցելում օտարերկրյա զբոսաշրջիկները և ուխտավորները:

Կարեն Մաթևոսյանն էլ նշել է՝ երբ իմացել է, որ «Ազգային միասնություն» շարժումը Վայոց ձորում աջակցում է նման ծրագրերի իրականացմանը, որոշել է դիմել՝ տարածքների մաքրությունն ապահովելու համար, քանի որ զբոսաշրջային սեզոնն արդեն բացվում է.

-Որոշ ժամանակ առաջ այս համալիների տարածքում էինք ու տեսա, որ այդպիսի աշխատանքի կարիք կա: Դրա համար էլ այս ծրագիրն առաջարկեցի,-ասել է նա:

Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում։

Աղբյուրը՝ Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը