Լրահոս

08.06.2016 15:41


Բորդյուժա. «Հայ-ռուսական ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հարցն այժմ քննարկվում է երկու երկրների օրենսդիր մարմիններում»

Բորդյուժա. «Հայ-ռուսական ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հարցն այժմ քննարկվում է երկու երկրների օրենսդիր մարմիններում»

Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծումն անցել է համաձայնեցման մի քանի փուլ, և այժմ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմիններում: Այս մասին հունիսի 8-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հավելելով, որ կազմակերպության շրջանակներում արդեն իսկ գործում են Բելառուս-Ռուսաստան ՀՕՊ-ն ու Ղազախստան-Ռուսաստան ՀՕՊ-ը:

«Նմանատիպ տարածաշրջանային համակարգերի ստեղծումն առաջին փուլն է: Երկրորդն այդ համակարգերը միասնական կանոնների տակ վերցնելն ու միասնական վերահսկողություն սահմանելն է, ինչը հնարավորություն կտա ՀՕՊ համակարգ ստեղծել ամբողջ ՀԱՊԿ տարածքի վրա: Կարծում եմ, որ սա մեծ քայլ է, մեծ միջոց՝ մեր պետությունների անվտանգությունն ապահովելու համար: Չգիտեմ՝ որքանով հասարակությունը կարող է ազդել խորհրդարանական քննարկման վրա, քանի որ սա խիստ մասնագիտական հարց է, և այն պետք է քննարկվի առաջին հերթին փորձագետների կողմից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Բորդյուժան նաև հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության ապահովման համար կազմակերպությունում գործում են նաև խաղաղապահ ուժեր, որոնք տարին մեկ վերապատրաստվում են:

«Ինձ հաճախ հարց են տալիս՝ ինչո՞ւ չեք օգտագործում խաղաղապահ ուժերը: Իմ կարծիքով մենք այդ ուժերը պետք է կիրառենք այնտեղ, որտեղ դրանք կնպաստեն մեր անդամ-պետությունների անվտանգության ապահովմանը, այլ ոչ թե, ասենք, Աֆրիկայում կամ մեկ այլ տեղում՝ վտանգելով մեր տղաների կյանքերը: Այդ իսկ պատճառով մենք բավականին զգուշավոր ենք մոտենում մեր խաղաղապահների տեղակայմանը»,- պարզաբանել է Բորդյուժան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը