Քաղաքական

17.06.2016 14:10


Անդրանիկ Թևանյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ դարձնելու ենք ժողովրդական շարժում հանուն Հայաստանի» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ դարձնելու ենք ժողովրդական շարժում հանուն Հայաստանի» (տեսանյութ)

Ձեզ ենք ներկայացնում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող ընտրված Անդրանիկ Թևանյանի ելույթը կուսակցության հիմնադիր համագումարում։

. . .

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրն ունի ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերներ, երբ, առավել քան երբևէ, կա փոփոխությունների պահանջ, և երբ սրված է անվտանգության ապահովման հարցը:

Մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կա՛մ թողնել այնպես, ինչպես կա, և կրավորական կեցվածք ընդունել, կա՛մ նախաձեռնել փոփոխություններ:

Հայաստանում վերջին տարիներին վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը ձեռնտու է միայն մեր թշնամիներին:

Երբ բիզնեսի բոլոր շերտերին պատերազմ է հայտարարվում իշխանության ամենաբարձր մակարդակով, երբ փայ մտնելն ու փայ խլելը դառնում են խաղի կանոն, երբ տնտեսաքաղաքական դաշտը գերկենտրոնացման միտում ունի, երբ կա «մեկ պատուհանի սկզբունքով» գործող կոռուպցիոն համակարգ, երբ պետությունը վերածվում է տնամերձ բոստանի, ի վերջո, ունենում ենք մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ, նաև՝ կանգնում պետությունը կորցնելու վտանգի առաջ:

Ապրիլյան մարտերը բացեցին բոլորի աչքերն ու է՛լ ավելի տեսանելի դարձրեցին թիկունքում տիրող անմխիթար վիճակի ազդեցությունն առաջնագծի վրա:

Այս ամենին վերջ տալու և զարգացման ուղի դուրս գալու համար մեզ պետք է համախմբում: Դա այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որից հետո է հնարավոր դրական փոփոխությունների ակնկալիք ունենալ:

. . .

Ո՞րն է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության տեղն ու դերը քաղաքական դաշտում, որո՞նք են մեր նպատակները, և ի՞նչ ճանապարհ ենք առաջարկում։

Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ այլընտրանք է գործող իշխանություններին և մերժում է այն հոռի բարքերը, որոնք քայքայում են մեր պետությունը:

Հայաստանն ու Արցախն անվտանգ դարձնելու և մեր երկիրը որակապես նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է ձևավորել իշխանական նոր էլիտա և իրականացնել տնտեսական նոր քաղաքականություն:

Պետք է տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը փոխվի: Այսպես կոչված «Մեծ բյուջեի» կամ, ավելի պարզ ասած, բիզնեսով զբաղվողներին մինչև վերջ քերթելու քաղաքականությունը պետք է փոխարինվի տնտեսական աճի ու զարգացման և մեր քաղաքացիների կյանքի որակի փոփոխության քաղաքականությամբ: Ողջամիտ հարկային դրույքաչափեր սահմանելն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմաններից է: Սխալ է այն տեսակետը, թե որքան բարձրացնենք հարկերը, այնքան շատ փող կհավաքվի բյուջեում:

Մենք առաջարկում ենք հարկային բեռի թեթևացում, որի դեպքում տնտեսվարողների քանակը կշատանա, և հարկման բազայի մեծացման ու մասշտաբի էֆեկտի հաշվին ավելի մեծ բյուջե կունենանք և լուրջ խնդիրներ կկարողանանք լուծել։ Սա հայտնի տնտեսագետ Լաֆերի տեսությամբ ու տարբեր երկրների փորձով ապացուցված է, և հեծանիվ հայտնաբերելու կարիք չկա։

Մասնավոր գործ հիմնողը, աշխատատեղ ստեղծողը, արտահանողը և ողջամիտ ձևով սահմանված հարկերը վճարողը պետք է հռչակվեն իսկական հերոսներ:

Տնտեսական հայրենասիրությունը տեղական որակյալ արտադրանք տալն է, արտահանելն ու նոր գործ հիմնելը։ Հայրենասիրություն է նաև մասնավոր նախաձեռնություններին չխանգարելը:

Տնտեսական քաղաքականությունը վերացական չի լինում: Դրա հիմքում պետք է լինեն մարդը, ամեն մի ընտանիքի բարեկեցությունն ու սոցիալական պաշտպանվածությունը: Մարդիկ Հայաստանից հեռանում են, որովհետև արդարության դեֆիցիտ կա, որովհետև զարգացման, ինքնադրսևորման և ինքնաիրացման հնարավորություն չեն տեսնում այս մենաշնորհայնացված համակարգի պայմաններում:

Միայն զարգացող տնտեսության դեպքում է հնարավոր բարեկեցություն ապահովել զինվորականների, պետական ծառայողների, մանկավարժների, բժիշկների, գիտնականների ու մյուսների համար:

Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունները: Գյուղացուն, գործարարին ու մյուսներին պետք է ազատենք վարկային գերության մեջ հայտնվելու հեռանկարից, իսկ բանկերին պետք է հնարավորություն տանք դառնալ ոչ թե տոկոսով փող տվող, այլ բիզնեսին գործընկեր կառույց:

Մարդկանց ունեզրկելու և սեփականության վերաբաշխման գործիքից բանկերը պետք է դառնան մասնավոր սեփականատերերի կարողությունները բազմապատկող, գյուղացուն օգնող և տնտեսության զարգացումը խթանող կառույցներ:

Ինչ վերաբերում է հարկային համակարգին, ապա պետք է ներդնել բոլոր այն գործիքակազմերը, որոնք հնարավորություն կտան բիզնեսին շնչել: Հիմա մենք տեսնում ենք ճիշտ հակառակ գործընթացը. Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է միջին խավին, փոքր բիզնեսին և, ի վերջո, մեր երկրին:

Վերջին տարիներին վարվող ներքին քաղաքականության արդյունքում հանրության ամենախոցելի շերտը մեզ մոտ դարձել են բիզնեսի մարդիկ: Ամեն մեկը դժբախտ է յուրովի: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կանգնելու է այդ մարդկանց կողքին ու պաշտպանելու է նրանց շահերը: Նաև՝ հանրության մյուս խոցելի շերտերի շահերը:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մենք մեր ծրագրերը կյանքի կոչելու համար ակնկալում ենք հանրային լայն շրջանակների աջակցությունը:

Ես դիմում եմ մեր պետության թիվ մեկ շարժիչ ուժին՝ գործարար աշխարհին՝ փոքրից մինչև խոշոր: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը համարեք ձեր գործընկերը, ձեր պաշտպանն ու ձեր հենարանը: Միացե՛ք մեզ և դարձե՛ք փոփոխությունների դրոշակակիրը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նպատակը Հայաստանի տնտեսական, քաղաքական, իրավական, սոցիալական դաշտի արդիականացումն է և մեզնում առկա գաղջ մթնոլորտի արմատական փոփոխությունը՝ իշխանափոխության միջոցով:

Մենք դատապարտված ենք հաղթանակի և ուրեմն, պետք է համախմբվենք, որ հաղթենք:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք պետք է պատրաստ լինենք և՛ արտահերթ, և՛ հերթական, և՛ հետընտրական գործընթացների: Կազմակերպվածություն, նվիրվածություն, սկզբունքայնություն, կամք, թիմային աշխատանք և վճռականություն. ահա՛ հաջողության գրավականները:

Մենք հանրությանն ու քաղաքական ուժերի առողջ հատվածներին առաջարկում ենք համախմբվել, հրաժեշտ տալ անցյալի արատներին, փակել մեր պատմության ամոթալի էջերը ու նոր էջ բացել՝ նոր մտածողության, նոր թիմի, նոր հարաբերությունների ձևավորման օգնությամբ:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը բաց է լինելու համագործակցության համար ինչպես այլ կուսակցությունների, այնպես էլ անկուսակցական անհատների հետ՝ պայքարելով օդի ու ջրի պես մեր երկրին անհրաժեշտ փոփոխությունների համար: Կուսակցությունն այս մենք դարձնելու ենք ժողովրդական շարժում հանուն Հայաստանի: Հանուն արդար և ուժեղ Հայաստանի: Հանուն հաղթանակի:

Այս խորագրի վերջին նյութերը