Մեկնաբանություն

21.06.2016 09:35


Ինչի են պատրաստվում Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում

Ինչի են պատրաստվում Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում

Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից առաջ մի շարք խորհրդանշական գործընթացներ տեղի ունեցան: Այդ գործընթացները ցույց են տալիս, թե ով ինչի է պատրաստվում:

Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանն ընդառաջ՝ Ստեփանակերտի կենտրոնում ծեծեցին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, ապա առևանգեցին ու ստիպեցին կեղծ ցուցմունքներ տալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ: Մինչ օրս հանցագործության բոլոր մասնակիցները հայտնաբերված չեն, դե, իսկ կազմակերպիչների մասին խոսք անգամ չկա, թեև հայտնի են և՛ կազմակերպիչները, և՛ կատարողները:

Այդ ընթացքում Երևանի Բաղրամյան փողոցում գտնվող շենքում առաջին ընթերցմամբ անցկացրեցին Հարկային նոր օրենսգիրքը, որը տեռորի է ենթարկելու բիզնեսին և միջին եկամուտ ունեցող աշխատողներին: Այս ամենը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ մեր երկրի տնտեսական վիճակի ու պաշտպանունակության մակարդակի վրա:

Ուշագրավն այն է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից առաջ Բաքուն որոշեց մեծ զորավարժություն անցկացնել Նախիջևանում, որով ցույց տվեց իր ախորժակը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի մասով:

Թե ինչ են անելու Երևանում, Ստեփանակերտում ու Բաքվում սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո, դժվար չէ կռահել: Բաքվում պատրաստվելու են պատերազմի (սրանք շարունակելու են դիվերսիոն գործողությունները և մեկ-երկու տարի ձգելու են, որպեսզի ամբողջությամբ պատրաստ լինեն պատերազմի), իսկ Երևանում ու Ստեփանակերտում՝ վերարտադրության: Թե ինչ է լինում նման դեպքերում, ցույց տվեցին ապրիլյան մարտերը:

Հիշեցնենք, որ 2011թ. Կազանում տեղի ունեցածից հետո Իլհամ Ալիևը պատրաստվեց պատերազմի, իսկ Սերժ Սարգսյանը՝ տոկոս «խփելու»: Ով ինչի պատրաստվել էր՝ դրան էլ հասավ: Ալիևին այս տարի հաջողվեց փոխել ստատուս-քվոն՝ ի վնաս մեզ, իսկ Սարգսյանին հաջողվեց Հայաստանի շահերի հաշվին տոկոս «խփել» ու մնալ աթոռին:

Սարգսյանի աթոռին մնալու գինը չորս օրում մեր ունեցած հարյուրից ավելի զոհն է և հեկտարներով կորցրած տարածքը: Ու որպեսզի այս ամենը շարունակական չլինի, մենք պետք է նախ և առաջ Երևանում հասնենք փոփոխությունների:

Սերժ Սարգսյանն առաքելություն չունեցող և քաղաքականապես ավարտված գործիչ է: Փոփոխությունները, հետևաբար, դառնում են ազգային անվտանգության ապահովման կարևոր նախապայմաններից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը