Աշխարհ

21.06.2016 13:51


Թուրքիա մուտք գործելիս ձերբակալվել է «Hurriyet»–ի Նյու Յորքի թղթակիցը

Թուրքիա մուտք գործելիս ձերբակալվել է «Hurriyet»–ի Նյու Յորքի թղթակիցը

Թուրքիա մուտք գործելիս Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է թուրքական «Hurriyet» թերթի Նյու Յորքի թղթակից և ներկայացուցիչ Ռազի Ջանիքլիգիլը:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Zaman»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի լրագրողն ընտանիքի հետ Ստամբուլ էր մեկնել՝ արձակուրդն այնտեղ անցկացնելու նպատակով: Նշվում է, որ Ջանիքլիգիլի ձերբակալությունը, ամենայն հավանականությամբ, կապված է սոցցանցերում վերջինիս կատարած գրառումների և ակտիվ գործունեության հետ:

Լրագրողը վերջին շրջանում հաճախակի է գրառումներ կատարել թուրք մեծահարուստ Ռեզա Զարրաբի` ԱՄՆ-ում շարունակվող դատավարության վերաբերյալ:

Կոռուպցիոն սկանդալի արդյունքում ձերբակալվելուց և մի քանի ամիս հետո ազատ արձակվելուց հետո Ռեզա Զարրաբը հեռացել էր Թուրքիայից: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զարրաբը համատեղ բիզնես ծրագրեր է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների հետ:

Ռեջեփ Էրդողանը գրեթե ամեն օր քննադատվում է մամուլի վրա գործադրվող ճնշումների համար այնպիսի երկրների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից, ինչպիսիք են Եվրամիությունը, ԱՄՆ-ը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Թուրքական մամուլում հայտնված նոր տեղեկությունների համաձայն` ժամեր առաջ դատախազությունում ցուցմունք տալուց հետո Ջանիքլիգիլը բաց է թողնվել:

Մինչ լրագրողը բաց կթողնվեր, ձերբակալության փաստի առնչությամբ քննադատական հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Լրագրողների միությունը (UNCA):

«Այսօր Ստամբուլում ձերբակալվել է թուրքական մեդիադաշտում գործող «Hürriyet» թերթի լրագրողը սոցցանցերում թուրք պաշտոնյաների վերաբերյալ արած գրառումների պատճառով: UNCA –ն այս իրողությունը մամուլի ազատության մտահոգիչ ոտնահարում է համարում»,- ասված է եղել հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը