Մեկնաբանություն

22.06.2016 09:45


Սարգսյանն ու Ալիևը հայտարարեցին իրենց ծրագրերի մասին

Սարգսյանն ու Ալիևը հայտարարեցին իրենց ծրագրերի մասին

Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի հարցով տեղի ունեցած եռակողմ, երկկողմ և այլ ձևաչափերով հանդիպումներից շատ սուղ տեղեկություններ ներկայացվեցին հանրությանը, բայց փոխարենը տողատակերում շատ բան կար:

Գնահատելով Ալիևի ու Սարգսյանի հրապարակավ հնչեցրած մտքերը՝ կարելի է որոշակի եզրահանգումներ անել, թե ինչ են մի քանի ժամ քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները:

Ալիևը հայտարարեց, որ ստատուս–քվոն անընդունելի է, և հայկական զորքերը պետք է դեօկուպացնեն տարածքները: Սրան հակակշռող կամ հակազդող հայտարարություն հայկական կողմից մենք չլսեցինք:

Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի ասածների՝ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում պաշտոնական Երևանի տեսակետը հայտնի է, և ինքը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանը պահանջում է դեօկուպացիա, և Հայաստանն ընդունում է այդ պահանջը, քանզի եթե հայտարարվում է, որ հայկական կողմի տեսակետները հայտնի են, ապա դա նշանակում է, որ մենք գործ ունենք տխրահռչակ կազանյան տարբերակի հետ (ապրիլյան մարտերից հետո Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում ասել էր, որ Կազանում իրեք համաձայնել են հանձնել հինգ շրջանները, իսկ Ղարաբաղի ինքնորոշման հարցը որոշել 5, 10 կամ 500 տարի հետո), որն էլ իր հերթին տարածքային զիջումներ է ենթադրում՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը թողնելով անորոշ ժամանակների:

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը ժամանակ է փորձում ձգել՝ միևնույն ժամանակ խոստանալով, որ կգնա կազանյան տարբերակին: Նրա ուզածը 2017թ. ԱԺ ընտրություններն անցկացնելն է և տնտեսության մեջ գերկենտրոնացման միտումները խորացնելը: Ասել է թե՝ Ալիևը պատրաստվում է ցանկացած գնով Ղարաբաղը վերցնելուն, իսկ Սարգսյանը՝ սեփական իշխանության վերարտադրության խնդիրները լուծելուն: Թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը, ցույց տվեցին ապրիլյան մարտերը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը