Մեկնաբանություն

23.06.2016 10:15


Երբ տեղեկատվության աղբյուր է դառնում թշնամին

Երբ տեղեկատվության աղբյուր է դառնում թշնամին

Իշխանության ներկայացուցիչները Ղարաբաղի հարցով սանկտպետերբուրգյան եռակողմ եւ այլ ձեւաչափով բանակցությունները չգիտես ինչու նախ անվանեցին «հանդիպում», իսկ հիմա էլ պարզվեց, որ այն գագաթաժողով է: Դրա ավարտից հետո իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե «օգտակար հանդիպում էր»: Դե, որովհետեւ թե՛ Սարգսյանը եւ թե՛ Ալիեւը բանակցությունները կառուցողական էին գնահատել:

Ապրիլյան չորսօրյա պատերազմից 17 օր հետո միայն Սերժ Սարգսյանը մեկնեց Արցախ, իսկ հիմա, կարելի է ասել, Սանկտ Պետերբուգից ուղիղ գնաց Արցախ:

Ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում եւ դրանից շաբաթներ անց բոլորը փնտրում էին Էդվարդ Նալբանդյանին՝ հուսալով, թե ինչ-որ նախադասություն կարտաբերի ու կհակադարձի ադրբեջանական քարոզչական գրոհին: Բայց այդպես էլ նրան ոչ ոք չգտավ: Իսկ հիմա հանկարծ Նալբանդյանը անսպասելի ակտիվություն դրսեւորեց ու պատասխանեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյային՝ Մամեդովին: Պատասխանն էլ շատ երկիմաստ էր ու չէր հերքում ադրբեջանցու ասածները:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարում է, որ բանակցությունները ընթացել են փուլային տարբերակի շուրջ (հայկական կողմի համար հնաձնողական-պարտվողական -Կ.Ե.), իսկ Նալբանդյանն ասում է, թե հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Պարզ է, որ հանգուցալուծման պահը չի, բայց Նալբանդյանն, ըստ էության, չի հերքում Մամեդովի ասածները: Այն, որ փուլայինի շուրջ է քննարկում ծավալվել, որը մի «գեղեցիկ» օր կհասնի հանգուցալուծման: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ահա այսպիսի բան հայտարարեց. «Կան բաներ, որ քննարկվում են եւ միայն մի հարմար պահի կարող են բոլորը տեղեկանան, իմանան»:

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները եւ անձամբ Սերժ Սարգսյանը չէին պատկերացնում, որ հայ հանրությանը իրազեկելու հարմար պահը կարող են որոշել Մամեդովը կամ ադրբեջանական կողմը: Ահա այսպիսի բաներ:

Երբ դու փորձում ես սեփական ժողովրդից գաղտնի պահել նրան հուզող ամենակարեւոր խնդրի հետ կապված զարգացումները, երբ դու փորձում ես յոթը փականով կողպել գաղտնիքը, քո փոխարեն այն մի վայրկյանում բացահայտում է թշնամին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը