Մեկնաբանություն

24.06.2016 00:25


Այս անսանձ կամայականություններին ե՞րբ է վերջ տրվելու

Այս անսանձ կամայականություններին ե՞րբ է վերջ տրվելու

Տարիներ շարունակ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Կառավարության շենք-Բաղրամյան 26 երթուղին են մաշում:

Այդ մարդիկ արդեն ճերմակել են, հալից ընկել, հազար հիվանդության տեր դարձել, սակայն չեն կարողանում գործող իշխանության «հաստաբեստ գլուխը» մի բան մտցնել:

Նաիրիտցիների բողոքի ակցիաները երկրում սոցիալական անարադարության ցայտուն օրինակ են: Գործարանի աշխատակիցները արյուն-քրտինքով մի երկու կոպեկ մի կերպ պոկեցին Կառավարությունից, բայց տարիներով չվճարված աշխատավարձերի խնդիրը դեռ լուծված չէ:

Այսօր էլ նաիրիտցիները պայքարում են նրա համար, որ գործարանը վերագործարկվի: Իշխանությունն այս ցանկության եւ պահանջի հանդեպ խուլ ու կույր է ձեւանում: Ոչ մի պետական կառույց այսօր նաիրիտցիներին չի ընդունել: Կարծես, նրանք այս երկրի քաղաքացիները չեն, ընդհանրապես մարդ չեն:

«Հայկական աշխարհ» կառուցող բաղաձայն երգիչ-թառահար-«կամպազիտըռ» Տիգրան Սարգսյանը մի 5 տարի խաբեց ու ֆռռացրեց նաիրիտցիներին եւ որպես վարչապետ (ի դժբախտություն հայ ժողովրդի) այդպես էլ չլուծեց նրանց խնդիրները:

Այսօր նրանք դարձյալ Կառավարության շենք-Բաղրամյան 26 երթուղին անցնելուց հետո ստիպված եղան հանգրվանել նորաստեղծ «Համախմբում» կուսակցության գրասենյակում, քանզի, ինչպես նկատեցինք, իշխանությունը արհամարհեց բողոքի ակցիայի մասնակիցներին:

Կուսակցության վարչության անդամներն ընդունեցին եւ լսեցին նաիրիտցիներին՝ վերջիններիս խնդիրների լուծման հարցում խոստանալով աջակցել:

Այսօր նաեւ բողոքի ակցիա իրականացրին հաշմանդամ դարձած օդաչուները, որոնք փոխհատուցում էին պահանջում: Երկրում սոցիալական խոցելի խմբերին վերաբերող բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնք, դատելով ամենից բացարձակապես չեն հետաքրքրում իշխող ուժին եւ նրա ղեկավարին: Մնում է զարմանալ, թե սրանք ինչպես են տարիներ շարունակ սոցիալական ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարություններ անում եւ հուզաթաթախ ելույթներ ունենում: Թերեւս, այդ ծրագրերը վերաբերում են միայն իրենց ու իրենց նեղ շրջապատին:

Սոցիալական պայթյունավտանգ իրավիճակում ուղղակի ցինիզմի անօրինակ դրսեւորում է այն, որ Կառավարությունը մի կողմից արհամարհում է նաիրիտցիներին, մյուս կողմից որոշում է կայացնում հարկային արտոնություններ տալ «Լիսկա եղբայրներ» ընկերությանը (նույն օրը): Խոսքը Սյունիքի մարզպետ «պատմաբանասիրական գիտությունների դոկտոր» Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռների մասին է, որոնց պատկանող «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ն մարզի Ծղուկ համայնքում պետք է կառուցի 4 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ:

Այս ընկերությանը ոչ միայն հարկային արտոնություն է տրվում, այլեւ՝ մեկ այլ որոշմամբ ազատվում են ՀՀ ներմուծվող սարքավորումների հարկերից:

Նշենք, որ հարկի վճարումը կկազմեր մոտ 50 միլիոն դրամ։ Ինչպես ասում են՝ «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի»: Որտե՞ղ է տեսնված նման բան:

Այս անսանձ կամայականություններին ե՞րբ է վերջ տրվելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը