Լրահոս

20.10.2010 13:24


Կեղծ բարեգործության մասին խոսելիս Վիկտոր Դալլաքյանը ՀՀԿ–ի՞ն նկատի ուներ

Կեղծ բարեգործության մասին խոսելիս Վիկտոր Դալլաքյանը ՀՀԿ–ի՞ն նկատի ուներ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը անդրադառնալով «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ հայտարարել է, թե այս փոփոխություններն է´լ ավելի արդյունավետ և ժողովրդավարական ընտրություններ կապահովեն:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք օրեսնդրական նոր փոփոխությունները կարգավորելո՞ւ են ընտրություններից առաջ բարեգործական նախաձեռնությունների անվան տակ քարոզարշավ իրականացնելու երևույթները՝ նա ասել է, թե եթե բարեգործությունն արվում է անընդհատ և ոչ թե ընտրություններից առաջ, ապա պետք չէ բարեգործությունը սև շղարշով պատել:

Այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի բուժօգնության ծրագիրը չի՞ դիտարկվում որպես նախընտրական քարոզարշավ, Հավհաննես Սահակյանը պատասխանել է.

-ՀՀԿ-ն ընտրություններին սկսում է նախապատրաստվել կայացած ընտրությունների հենց հաջորդ օրը։  Ասեմ, որ ՀՀԿ-ն բուժօգնություն տրամադրել է և՛ նախորդ տարիներին, և՛ հիմա, և՛ անցած ընտրություններից առաջ։ Ի՞նչ վատ է, որ հայ մարդը առանց պետական բյուջեից կոպեկ իսկ օգտվելու՝ իր հայրենակցին օգնում է բուժօգնություն ստանալ։ Վատ բան կա՞,-նշել է նա։

-Բայց շաբաթը մեկ դա պետք է քարոզվի՞ լրատվամիջոցներով,-հետաքրքրվել են լրագրողները։

-Իսկ ինչո՞ւ չցուցադրվի,-հարցադրում է կատարել Հովհաննես Սահակյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խոսելով բարեգործների մասին՝ մեջբերել էր Ալ. Շիրվանզադեից՝  առանց որևէ մեկի անունը հնչեցնելու. «Կարելի՞ է այդ ինքնօրինակ շահադիտական զգացմունքը բարեգործություն սրբազան անունով մկրտել, կարելի՞ է բարեգործ անվանել այն մարդուն, որ տալիս է ո՛չ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակի ստանալու մտքով: Այլևս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին»։

Գուցե ՀՀԿ-ի՞ն նկատի ուներ Վիկտոր Դալլաքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը