Լրահոս

24.06.2016 18:07


Քննությամբ հիմնավորվել է՝ ոստիկանության ծառայողներն անցել են լիազորությունները

Քննությամբ հիմնավորվել է՝ ոստիկանության ծառայողներն անցել են լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանը և Պետրոս Քյուրտյանը ծառայողականգործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց պաշտոնեական լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ հասարակական կարգի ապահովման, ինչպես նաև հնարավոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով ստուգայցեր կատարելու ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներ Գ. Տերզիկյանը և Պ.Քյուրտյանը 2015թ. ապրիլի 21-ը` 03:00-ի սահմաններում, մտել են Երևան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբ, և լսել գոռգոռոցի ձայներ: Հնարավոր վիճաբանությունը կանխելու նպատակով ոստիկանները մոտեցել են հաճախորդ Տիգրան Պ.-ին, նրա եղբայր Դավիթ Պ.-ին և խնդրել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն վերջիններս, չեն ենթարկվել Գ. Տերզիկյանի և Պ. Քյուրտյանի օրինական պահանջներին ու դիմադրություն են ցույց տվել:

Ստեղծված իրավիճակից ելնելով` Գ. Տերզիկյանը դեպքի վայր է կանչել ոստիկանության այլ ծառայողների, ովքեր ձեռնամուխ են եղել գիշերային ակումբի հաճախորդներ Տիգրան Պ.-ին, Դավիթ Պ.-ին և նրանց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն:

Բերման ենթարկելու ընթացքում Գ. Տերզիկյանն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Տիգրան Պ.-ի ու նրա ընկեր Սերգեյ Զ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ` ռետինե մահակով հարվածել է նախ Տիգրան Պ.-ին, ապա` Սերգեյ Զ.-ին, իսկ Տիգրան Պ.-ին վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է ռետինե մահակով հարվածներ հասցնել վերջինիս:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության մյուս ծառայող Պ. Քյուրտյանը ևս ծառայողական գործունեության ընթացքում ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Տիգրան Պ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ՝ ձեռքով հարվածներ է հասցրել վերջինիս, իսկ վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է հարվածներ հասցնել նրան: Արդյունքում՝ Տիգրան Պ.-ն և Սերգեյ Զ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ:

Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ՀՀոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանին և Պետրոս Քյուրտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը:Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողությունիրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը