Մեկնաբանություն

27.06.2016 00:09


Քիմ Քարդաշյանից մինչև Հռոմի պապ

Քիմ Քարդաշյանից մինչև Հռոմի պապ

Հռոմի պապի այցի շուրջ աժիոտաժը մեծ էր: Ճիշտ է, «շուխուրի» աստիճանով Քիմ Քարդաշյանի այցին չէր հասնի, բայց դե, հայաստանյան գաղջ մթնոլորտը դրսից մի քանի ժամով կամ րոպեով ճեղքվեց (հացի բացակայության պայմաններում տեսարանները միշտ օգնության են հասնում):

Պապը գնաց ու ամեն ինչ վերադարձավ ելման դիրք, ավելի ճիշտ՝ ամեն բան ինչպես կար, այնպես էլ մնաց: Եվ այդպես էլ պետք է լիներ. ո՛չ Քիմն իր հանրահայտ հետույքով, ո՛չ SOAD-ն իր ռոքով, ոչ էլ Հռոմի պապն իր աղոթքով մեր խնդիրները չեն կարող լուծել ու պետք էլ չի, որ լուծեն: Նրանք առավելագույնը կարող են ոգևորել հանրությանը, քնած տեղից արթնացնել և նմանատիպ այլ բաներ անել: Մնացածը մենք պետք է անենք:

Որքան էլ որ մի կին տեսախցիկի առաջ հույս էր հայտնում, թե Հռոմի պապի այցից հետո մեր երկրում սոցիալական վիճակը կբարելավվի, ու արտագաղթը կանգ կառնի, միևնույն է, դրսից բան չի փոխվելու:

Քանի դեռ այդ կինը հույսը դրել է վիրտուալ ուժերի վրա (ներհայաստանյան կյանքի վրա ազդելու Քիմի, պապի ու մյուսների հնարավորությունները վիրտուալ են), իր մասով վիճակը չի փոխվելու: Քիմ Քարդաշյանն ու Հռոմի պապը պարզապես աշխարհահռչակ հյուրեր են, այլ ոչ թե փրկիչներ:

Ի դեպ, իշխանություններն իրենց քարոզչամեքենայով ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ քաղաքացիները հույսը դնեն դրսի ուժերի վրա կամ էլ բողոքեն դրսի ուժերից:

Սերժ Սարգսյանը հսկայական միջոցներ է ծախսում, որպեսզի ՀՀ քաղաքացուն համոզի, որ ամեն ինչ դրսում է որոշվում, որ պետք է էսինչամետ կամ էնինչամետ լինել, որ «սաղ դրսում ա որոշվում, ու մենք հարց լուծող չենք» և այլն: Այդպիսով նա փորձում է սեփական պատասխանատվության հարցը բարդել այլոց վրա և կեղծ օրակարգ հրամցնել հանրությանը՝ վերջինիս մոտ առաջացնելով անելանելիության զգացում:

Իրականությունն այն է, որ մեր բոլոր խնդիրները ներսում են լուծվում: Եթե ներսում թալան է, ապա մենք խնդիրներ ենք ունենում առաջնագծում և չորս օրում տալիս հարյուրից ավելի զոհ ու հեկտարներով տարածքներ:

Եթե ներսում անարդյունավետ կառավարում է, ապա տնտեսությունը հետ է շպրտվում և թշնամին լկտիանում է:

Եթե ներսում «Մեկ օլիգարխի տնտեսություն» են կառուցում, ապա արտագաղթի տեմպը չի կարող նվազել, ու Հռոմի պապից օգնությունն ակնկալելն այս հարցում միամտություն է, կամ էլ գերհուսահատության դրսևորում և սեփական ուժերի վրա վստահ չլինելու վկայություն:

Եվ ուրեմն, պետք է ապավինել սեփական ուժերին ու ներսում հասնել փոփոխությունների:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը