Մեկնաբանություն

27.06.2016 09:15


Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը

Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը

Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը Ղարաբաղի խնդրի կապակցությամբ, չի հերքում պաշտոնական Երևանը:

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել, և ինքը Ղարաբաղին կարող է տալ կարգավիճակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Իսկ Սարգսյանի առաք քաշած նախապայմանների մասով էլ ասում է, որ միջազգային կառույցի գրասենյակում մի քանի հոգի աշխատող կավելանա, որպեսզի մոնիտորինգ անի և վերջ: Համ էլ ինքը չի թաքցնում, որ կրակելու է և հետևաբար անմիաստ է համարում հետաքննության մեխանիզմների կիրառումը:

Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո չի խոսել բուն թեմայով: Նա Ռուսաստանում հայտարարել է, որ կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, և որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, այն է՝ հավատարմություն տխրահռչակ կազանյան տարբերակին: Սա նշանակում է, որ մենք ունենք ասիմետրիկ իրավիճակ. Ադրբեջանը պահանջում է ամբողջը, իսկ Հայաստանը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է մի վիճակում, երբ ստիպված է գնալ միակողմանի զիջումների, այսինքն՝ կապիտուլյացիայի:

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանի միակ խնդիրը ժամանակ ձգելն է: Նա շատ լավ հասկանում է, որ եթե գնա ՀՀ ու ԼՂՀ անվտանգությանը հարված հասցնելու ուղղությամբ, ապա «կթռնի» աթոռից (նրա միակ մտահոգությունն աթոռն է): Բայց, մյուս կողմից էլ, ռեսուրս չունի, որպեսզի երկար ձգի («ռազմահայրենասիրական» հռետորաբանությունը կարող է մեկ-երկու օր մեկ-երկու հոգու վրա ազդեցություն թողնել, ոչ ավելին): Սերժ Սարգսյանը նաև չի պատրաստվում պատերազմի, ինչը հուշում է, որ նա զիջումների տարբերակին է հակված և անվտանգության հարցում հույսը դրել է դրսի ուժերի ու համաձայնագրերի վրա:

Սարգսյանը գիտի, որ բացի քիրվայական գաղափարախոսության կրող Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունից՝ երկրի ներսում այլ սուբյեկտների աջակցություն չունի հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու հարցում: Իսկ դա շատ չնչին աջակցություն է, գրեթե զրոյական: Հիմա ներքաղաքական այն վիճակը չէ, որ ՀՀԿ ղեկավարը փողոցի հսկայական աջակցությունն ստանա Տեր-Պետրոսյանից այնպես, ինչպես «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ ստացավ: ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով շա՜տ է թուլացել ու «ներազգային միասնության» շրջանակներում կցվել Սարգսյանին (շատ խորհրդանշական է, որ ՀՀ ամենաընդդիմադիր քաղաք Գյումրիում ՀԱԿ կառույցի պատասխանատուն մեկնել է արտագնա աշխատանքի՝ խոպան): Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի աջակցությունը Սարգսյանի համար ոչ մի ներքին հարց չի լուծում. Ղարաբաղի մասով ցանկացած հակապետական քայլ կհանգեցնի ներքին ցնցումների:

Մնում է Ղարաբաղի հարցում հայկական շահերը պաշտպանելը: Սարգսյանի քայլերից, սակայն, չի երևում, որ նա գնում է մեր անվտանգության կամ պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Եվ ուրեմն, հռետորական հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը