Մեկնաբանություն

29.06.2016 00:20


Կազանում՝ ինչպես Սանկտ Պետերբուրգում

Կազանում՝ ինչպես Սանկտ Պետերբուրգում

Ղարաբաղի հարցով 2011թ. Կազանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իր համաձայնությունն էր տվել կապիտուլյացիոն փուլային տարբերակին, սակայն Ալիևը, տեսնելով հայկական կողմի թուլությունը, 10 նոր պահանջ էր դրել։ Դրանից հետո բանակցային գործընթացը մտել էր փակուղի։

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները տարբեր հետևություններ արեցին Կազանից հետո ու տարբեր քայլերի դիմեցին։

Սերժ Սարգսյանը համարեց, որ ինքը միջազգային հանրության ու, մասնավորապես, Ռուսաստանի աչքերում գերազանցիկ է դարձել՝ իր «այո»–ն ասելով փաստաթղթին, իսկ Ալիևը՝ վատ տղա։

ՀՀԿ ղեկավարը 2011թ. հետո գրեթե ոչ մի քայլ չարեց մեր երկրի անվտանգության ու պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ։ Նրա ուշքն ու միտքը տոկոս «խփելն» ու վերարտադրվելն էր՝ չհաշված «եվրաասոցացման» արկածախնդրության մեջ մտնելը։

Իսկ ահա Ալիևը Կազանից հետո սկսեց ավելի մեծ տեմպերով զինվել ու պատրաստվել պատերազմի։

2014թ. սկսած՝ Ադրբեջանը մաշեցնող և ինտենսիվ դիվերսիոն հարձակումների էր դիմում, ինչը, սակայն, Սարգսյանին չէր ստիպում մեր բանակն արդիականացնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Նրան թվաց, թե ԵՏՄ մտնելով և անվտանգության հարցերով ՌԴ–ի վրա հույս դնելով՝ կարող է գլուխն ազատել ու զբաղվել բացառապես սիրած գործով՝ «տոկոս խփելով» և իշխանությունն անձնական նպատակներով օգտագործելով։

Այս ամենի արդյունքը եղավ այն, որ ապրիլյան չորսօրյա թեժ մարտերի ժամանակ մենք տվեցինք հարյուրից ավելի զոհ և ունեցանք կորցրած ռազմավարական տարածքներ։

Ցավալին ու վտանգավորն այն է, որ այսքանից հետո Սերժ Սարգսյանը շարունակում է նույն գիծը։

Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ալիևը կիսվում է Ադրբեջանի հանրության հետ և նշում իր ծրագրերը, ըստ որոնց՝ Ղարաբաղը կարող է ինչ–որ կարգավիճակ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այսինքն՝ Ալիևը պահանջում է ամբողջը։

Իսկ ի՞նչ է հակադարձում Սարգսյանը։ Ոչի՛նչ։ Հաստիքային սերժականները հերոսաբար հղում են անում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքերին և վերջ։ Դե, իսկ Սերժ Սարգսյանը օտար լսարանի համար հայտարարում է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքական դաշտից, և հույս ունի, որ ՀՀԿ–ն կպաշտպանի իր մենաշնորհը, այսինքն՝ մեր երկրում կշարունակվի այն, ինչը բոլոր ոլորտներում հետընթացի է բերել։

Փաստորեն, Սարգսյանը, ինչպես Կազանում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում, իրեն ադեկվատ չի պահել։ Նա մտածել ու մտածում է միայն վերարտադրության մասին։ Իսկ դա նշանակում է, որ միայն իշխանափոխությունը մեզ կարող է փրկել ապրիլյան կորուստներից շատ ավելի մեծ կորուստներ ունենալու հեռանկարից։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը