Մեկնաբանություն

02.07.2016 01:05


Սերժ Սարգսյանը գիտի, բայց լռում է

Սերժ Սարգսյանը գիտի, բայց լռում է

Ապրիլյան չորսօրյա պատերազմում մեր մարդկային եւ տարածքային կորուստներին հաջորդած շրջանում ՀՀ իշխանությունները լռության ուխտ են կապել ու բանակցային գործընթացի բովանդակությունը չեն գաղտնազերծում:

Եթե 1990-ականներին ասվում էր, թե բանակցային սեղանի վրա դրված փաստաթղթի բովանդակությանը տեղյակ է վեց մարդ, ապա հիմա օրական 16 հոգի խոսում է ու ոչինչ չի ասում, բացի նրանից, որ «բանակցություններն այլընտրանք չունեն»:

Բնականաբար, ակնկալիք չունենք, թե ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ այս պահին քննարկվող փաստաթղթի բոլոր դետալները պետք է բացահայտեն: Բայց պարտավոր են ժողովրդին տեղեկացնել խնդրի լուծման հայկական կողմի ընդհանրական մոտեցումը՝ այն գլխավոր սկզբունքը, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները: Սակայն անգամ խուսափում են հրապարակավ այդ մասին արտահայտվելուց:

Մայիսի 16-ին եւ հունիսի 20-ին տեղի ունեցած Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից (տարբեր ձեւաչափերով) հետո փոխանակ մշուշը փոքր-ինչ ցրվեր՝ ավելի թանձրացավ: Թեպետ, երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հորդորում է չփոշիացնել ձեռք բերված դրական արդյունքը, պատկերը զգալիորեն պարզվում է: Եվ մնում է զարմանալ, թե ինչու են այս ու այն կողմից կոչ անում լուրջ չընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի բացահայտումները:

Կազանյան փաստաթղթի աշխատանքային տարբերակը հրապարակվել է: ՀՀ իշխանություններից ո՞ր մեկն է հերքել՝ հայտարարելով, որ բնության մեջ նման փաստաթուղթ չկա: Ոչ ոք: Ուրեմն, Մամեդովի բացահայտումն ինչո՞ւ պետք է «խեղաթյուրված» համարենք, երբ մեկին մեկ համընկնում է հրապարակված փաստաթղթի հետ (սկզբում տարածքների հանձնում, խաղաղապահների տեղակայում, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էլ թողնվում է անորոշ ապագային):

Ըստ էության, Սերժ Սարգսյանը հարցի լուծման փուլային տարբերակին է կողմ արտահայտվել (այսինքն՝ վերադարձել է 1997-ի հակազգային տարբերակին), ինչին համաձայնել է դեռեւս 2011-ին Կազանում: Այսքանից հետո հասկանալի չէ, թե ռազմահայրենասերներն ում են նախատում եւ ամոթանք տալիս «թուրքի ջրաղացին ջուր լցնելու համար», երբ իրենց առաջնորդն է 2011-ից այդ ջուրը լցնում թշնամու ջրաղացին:

Ուշագրավ է նաեւ այն, որ ակտիվացել են ու բանակցային գործընթացի նկատմամբ ջերմագին զգացումներ են տածում ԱՄՆ պետքարտուղարությունը, Գերմանիան: Անգամ Հռոմի պապն այստեղ իր ելույթում ընդգծեց ստատուս-քվոյին վերջ տալու անհրաժեշտության մասին: Եվ հիմա էլ նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը:

Ինչ-որ զարմանալի չէ՞, որ այսպես բոլորն ակտիվացել են ու ամեն կողմից կոչեր ու հորդորներ են հնչեցնում: Միջնորդների կողմից նկատվող ոգեւորվածությունն անհիմն չէ: Իսկ թե ինչու են բոլորը ոգեւորված, այդ մասին միայն ինքը Սերժ Սարգսյանը գիտի: Եվ շա՛տ լավ գիտի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը