Մեկնաբանություն

03.07.2016 00:05


Կենսաբանական անվտանգությունն ու վտանգավոր իշխանությունը

Կենսաբանական անվտանգությունն ու վտանգավոր իշխանությունը

Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել: Նշվում է, որ «Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը»:

Քանի որ օրակարգում ներառված «այլ հարցերի» մասին տեղեկություններ չեն հաղորդվում, նշանակում է ԱԱԽ նիստում քննարկվել է միայն վերոնշյալ նախագիծը:

Ինչ-խոսք, զարմանալի է, որ նման նախագիծ քննարկելու եւ այն հավանության արժանացնելու համար ԱԱԽ նիստ է հրավիրվում: Այդպիսի բազմաթիվ նախագծեր քննարկվել են Կառավարությունում, օրենսդիր մարմնում, գերատեսչություններում եւ անգամ՝ վարչություններում ու ՊՈԱԿ-ներում: Բայց դե, ԱԱԽ-ի գոյություն արդարացնելու համար երբեմն պետք է նման օրակարգով նիստեր հրավիրել, որպեսզի հանրությունը չմոռանա այդ կառույցի մասին:

Ի դեպ, եթե այդ խորհուրդը նման հարցերի քննարկման համար նախատեսված վայր է դարձել, ապա ճիշտ կլինի այն «գցել օպտիմալացման տակ»: Համ բյուջեում ահագին գումարներ կխնայվեն, համ էլ՝ այդ շենքն ավելի անհրաժեշտ ու կենսական նպատակի կծառայեցվի:

Բայց, իսկապես, զարմանալի է, երբ լուրջ-լուրջ հավաքվում են այդ խորհրդում եւ քննարկում են նման նախագիծ: Չի բացառվում, որ մի օր էլ արթնանան ու որոշեն աղբի վերամշակման հարցը քննարկելու համար ԱԱԽ նիստ հրավիրել: Կամ՝ ԱԱԽ-ում օրակարգային հարց դարձնել փողոցային լուսավորության, տրանսպորտի անվտանգության եւ նմանատիպ հարցեր:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Սերժ Սարգսյանին գոնե հիմա պետք է մտահոգեր արտագաղթի հարցը, որը վաղուց ազգային անվտանգությանը սպառնացող առաջնային խնդիրներից մեկն է դարձել: Անցած տարիներին մոտ 300 հազար մարդ հեռացել է երկրից: Ապրիլյան պատերազմից հետո դարձյալ նկատելի մարդկանց արտահոսքը երկրից: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե մեր երկրի ներսում լուրջ փոփոխություններ չլինեն, ապա այդ դեպքում Հայաստանից դեպի արտերկիր ինչպիսի երկա՜ր քարավանի ականատեսն ենք դառնալու:

Եթե երկիրը դատարկվում է՝ կենսաբանական անվտանգությունս ո՞րն է: Բայց դե, Սերժ Սարգսյանն առաջնային ու երկրորդական խնդիրներն իրարից չի տարբերում: Նա կարող է շատ հանգիստ աչք փակել իրապես ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների վրա (ինչպիսին արտագաղթն է) եւ հաճույքով քննարկել երկրորդական-երրորդական հարցեր, որոնք առանց իրեն էլ այլ կառույցներում քննարկվում են:

Նրան զայրացնում է «ահագնացող արտագաղթ» արտահայտությունը եւ հրապարակավ նախատում է նման բան ասողին: Ավելին՝ արտագաղթին վերաբերող Վիճպետծառայության թվերն էլ յոթը կողպեքի տակ է պահում: Փոխարենը ճիշտ է համարում ԱԱԽ նիստ հրավիրել ինչ-որ հարցով, հավաքվել, նստել ու «թիթեռ նկարել»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը