Մեկնաբանություն

05.07.2016 09:55


Պետպատվերով «պայքարի» մասին

Պետպատվերով «պայքարի» մասին

Մեկ շաբաթից ավելի է, ինչ իշխանական քարոզչամեքենան տոնում է «Բաղրամյան պողոտա» ակցիայի մեկամյակը՝ միաժամանակ հիշատակելով եւ վերարժեվորելով Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում «քաղաքացիական հասարակության հաղթական» գործընթացն ու քաղաքացիական պայքարի «ֆենոմենը»: Եվ այս ամենը ներկայացվում է Վարդանանց պատերազմ-Սարդարապատի հերոսամարտ-Մայիսյան ապստամբություն հերոսական ծիրին մեջ: Կապ չունի վերջին իրադարձության հակասությունը առաջին երկուսի «ոգու» հետ, բայց դե, ինչպես նախկինում, հիմա էլ բոլշեւիկյան քարոզչությունը նույնացնում է բոլոր պատմական դրվագները՝ դրանք տեղավորելով նույն՝ «հերոսականության» համատեքստում: Թեղուտ, Մաշտոցի պուրակ, տրանսպորտի ու հոսանքի սակագին...

Իշխանական գրիչները ոգեշնչված ու հիացած գրում, վերհիշում են Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում նրա «դեմ» իրականացված ակցիաների, «անկոտրում» պայքարների, անմոռանալի եւ սխրանքներով լի ընդվզումների «աննախադեպ բռնկումների» գերհերոսական անցքերը: Ամո՛թ է, պարոնա՛յք, ամո՛թ... «Քաղհասարակության» նորօրյա «մունետիկները» նույն՝ ՀՀԿ ղեկավարի կողմից հղացված սցենարների գերազանցիկ կատարողներն են:

Մինչ օրս ի՞նչ արդյունք է արձանագրել Բաղրամյան 26-ի «ուղեղային կենտրոնից» սպրդած քաղակտիվիստների «պայքարը»: Զրո արդյունք: Կամ՝ «Տարոն ջան, սիրուն չի»:

Սեփական ձեռնասուններին հրապարակ նետելով՝ ընդամենը գոլորշի են բաց թողել՝ ժողովրդին ներառելով այդ անբարոյական խաբկանքի մեջ:

2012-ից սկսված քաղհասարակության «բռնկման» իմիտացիան մոգոնվել է քաղաքական դաշտն անապատացնելու և լղոզելու հստակ նպատակադրումով: Ինչի՞ մասին է խոսքը:

Երբ ավելի քան 4-5 տարի տեսնում ենք, որ շոու-բիզի ներկայացուցիչների եւ գերապահովված էլիտար երիտասարդության ներգրավվածությամբ իրականացված այդ «քաղաքացիական» թամաշաների գլխավոր դերակատարներն ամեն ջանք գործադրել են, որպեսզի սոցիալական խնդիրները հանկարծ չքաղաքականացվեն: Եվ այդպես էլ եղել է:

Պարզ ասած՝ փորձել են ապուշի տեղ դնել մարդկանց՝ ձգտելով համոզել, թե սոցիալական խայտառակ իրավիճակը կապ չունի երկրում վարվող քաղաքականության հետ: Եվ ոչ ոք սրանց չի ասել՝ խեղկատակի դերը գնացեք ձեր տանը խաղացեք: Թեպետ, մենեք ասել ենք, երբ փողոցում տեսել ենք Բաղրամյան 26-ի հաստիքային ծաղրածուներին՝ կենդանի պատով հանդերձ:

Իսկապես, ամո՛թ է: Վե՛րջ տվեք «քաղաքացիական» պայքարի տարեդարձերը նշելու ցինիկ վարքագծին: Մանավանդ երբ ակնհայտ է՝ Բ26-ի անհաջող բեմադրություններից երկրում տիրող իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլեւ առավել վատթարացել է:

Քաղաքացիական գիտակցությունը պետպատվերով չի բարձրացվում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը