Լրահոս

21.10.2010 13:46


Լյուդմիլա Հարությունյան. «Հայաստանում դաշտը նեղացված է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից»

Լյուդմիլա Հարությունյան. «Հայաստանում դաշտը նեղացված է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից»

Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե երկրի իշխանությունները քաղաքական կյանքի որակը բարձրացնելու համար համապատասխան քայլեր անո՞ւմ են, ասել է, թե իր կարծիքով եթե իշխանությունը այդպիսի նպատակ ունենար, ապա խորհրդարանն այլ կլիներ։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Լ. Հարությունյանի կարծիքը հետևյալն է. «Այո՛, ընդդիմությունը ցանկությու ունի իր դերը կատարելու։ Հարցն այն է, որ Հայաստանում օբյեկտիվորեն դաշտը նեղացված է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից։ Երկուսն էլ ընդամենը երկու թեմայի մասին են խոսում՝ ղարաբաղյան խնդիր և ցեղասպանության ճանաչման խնդիր։ Այս երկու խնդիրները շատ նեղ են, և չեն պարփակում մարդկանց հուզող բոլոր խնդիրները»։

Սոցիոլոգն ասել է, թե մարդկանց այսօր սոցիալական խնդիրն է հուզում.

- Ընդդիմությունն իր դերը կատարել է այն իմաստով, որ համախմբել է ընդդիմադիր ռեսուրսը և բարձրացրել է հարթակը, որի վրա խոսում են քաղաքական հարցերի շուրջ։ Չնայած, ընդդիմությունը դժվար վիճակում է, որովհետև նրա ներկայացուցիչները բանտում նստած են, ազատ չեն, և նրանք չեն կարողանում գործել լիաթոք։

Հարցին, թե այս ընդդիմությունը իշխանությունների համար լիարժեք այլընտրանք կարո՞ղ է լինել, Լ. Հարությունյանը պատասխանել է, թե չի կարող և չի էլ ուզում պատասխանել այդ հարցին, որովհետև կարծում է, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է դեր ունենան կատարելու հասարակության մեջ։

-Նրանք մենակ այն բանի համար չեն, որ իրար փոխարինեն։ Իշխանությունը պետք է կարողանա ցույց տալ ճանապարհը, որով երկիրը տանում է, և պետք է կարողանա ապացուցել, որ դա միակ ճիշտ ճանապարհն է Հայաստանի համար։ Իշխանությունը պետք է կարողանա վերացնել այն, ինչ որ պետք է և ի վիճակի է վերացնել։ Իշխանությունը պետք է կարողան վերացնել կոռուպցիան և ստեղծի ինստիտուցիոնալ համակարգ, որն այս երկիրը կպահի։ Այս երկրի անվտանգությունը լրջորեն խաթարված է։ Իշխանությունը պետք է կարողանա պաշտպանել ընտանիքին և մարդուն։ Ընդդիմությունը պետք է կարողանա համախմբել ընդդիմադիր ռեսուրսը, որպեսզի կարողանա ազդել իշխանության վրա, որ իշխանությունները կատարեն իրենց գործառույթները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը