Մեկնաբանություն

08.07.2016 18:30


Ինչպես է լուծվելու Ղարաբաղի հարցը

Ինչպես է լուծվելու Ղարաբաղի հարցը

Բացի Ալիևից՝ բոլորը հայտարարում են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Ալիևը հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհն ընդունում է՝ պայմանով, որ Ղարաբաղն ամբողջությամբ պետք է ներառվի Ադրբեջանի կազմ և հետագայում միգուցե հնարավորություն ունենա ինքնավարության կարգավիճակ ստանալ «ա լյա» Նախիջևան։ Հակառակ պարագայում Ալիևը սպառնում է պատերազմով և, ի դեպ, ակտիվորեն պատրաստվում դրան։

Պարզ է, որ հայկական կողմի համար անընդունելի է Ղարաբաղի հարցի լուծման ալիևյան տարբերակը։ Բայց որպեսզի այդ անընդունելին հիմնավոր լինի, պետք է քայլեր արվեն։ Մասնավորապես, պետք է վերականգնվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հաշվեկշիռը։ Նաև Հայաստանը պետք է տնտեսապես չդոփի տեղում ու, առավել ևս, հետընթաց ունենա։

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի այս իշխանությունը պատերազմ թույլ չտալ, իսկ պատերազմի վերսկսման դեպքում հակառակորդին խաղաղություն պարտադրել։ Ապրիլյան չորսօրյա բախումները և մեր կորուստները ցույց տվեցին, որ մենք լուրջ խնդիրներ ունենք ու չէինք կարող դրանք չունենալ, քանզի վերջին տարիներին ի վնաս մեզ խախտվել է Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը։

Եթե Հայաստանն այսօր պատրաստ չէ պատերազմի և, միևնույն ժամանակ, ուզում է հակամարտությանը լուծում տալ, ապա ակնհայտ է, որ գործ ենք ունենալու ոչ թե փոխզիջման, այլ զիջման հետ, ինչը հղի է խիստ վտանգավոր հետևանքներով։

Ղարաբաղի խնդրի լուծում, հետևաբար, այս պահին գոյություն չունի։ Հայկական կողմի զիջումը կվերածվի կապիտուլյացիայի, իսկ չզիջելու համար թիկունք է պետք ունենալ։ Թիկունքը հիմա, հայտնի պատճառներով, թուլացած է։ Դա նշանակում է, որ մեր խնդիրը պետք է լինի բանակցային գործընթացն օգտագործելով ժամանակ ձգելն ու այդ ժամանակահատվածում ներսում քաղաքական և տնտեսական փոփոխությունների հասնելը։ Այլ տարբերակ պարզապես չկա։ Մնացածը հայ ժողովրդից է կախված։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը