Լրահոս

21.10.2010 15:28


Զորակոչային տարիքի երիտասարդների առողջական վիճակը ազգային անվտանգության խնդիր է դառնում

Այսօր Հայաստանում և մասնավորապես Գյումրիում էական խնդիր է դարձել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ընդհանուր առողջական վիճակը և նրանց թվաքանակը, որը վերջին տարիներին նվազման միտում է ցուցաբերում:

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ ներկայումս հասուն տարիք են մուտք գործում 1992-1994թթ. ծնված երեխաները: Այս շրջանում հատկապես Գյումրիում նկատվեց ծնելիության մակարդակի կտրուկ անկում, իսկ երկրաշարժից հետո տիրող կենցաղային և նյութական, մեղմ ասած, ոչ բարվոք իրավիճակը պատճառ դարավ, որ այդ սերնդի շրջանում բազմաթիվ հիվանդություններ զարգանան:

Հիմնականում այս պատճառով վերջին երկու տարում Գյումրիի նույնիսկ պետական բուհերը բազմաթիվ թափուր տեղեր են ունենում, իսկ ազգային  բանակ մեկնողների թվաքանակը ավելի է կրճատվում, քանի որ տարատեսակ հիվանդությունների պատճառով շատերը զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվում:

Գյումրու զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանը նշում է, որ այսօր զինակոչային տարիքի երիտասարդների մոտ առողջական խնդիրները չափից շատ են. «Երբ հագուստով երեխան դիմացդ կանգնած է, նայում ես՝ կազմավորված տղամարդ է, բայց երբ մերկ վիճակում կանգնում է հանձնաժողովի առջև, հասկանում ես, որ այսօր պրոբլեմները շատ-շատ են, հիվանդությունները, ես կասեի, նույնիսկ չափից շատ են: Այսօր ոչ մի հիվանդ երեխա բանակ չի գնալու. դա և՛ նախագահի, և՛ նախարարի, այսօր դա բոլորի պահանաջն է: Հիվանդ երեխան բանակում չպետք է հայտնվի»:

Իսկ Գյումրու զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բուժքույր Անահիտ Հովսեփյանն էլ նշում է, որ հատկապես շատ են վնասվածքաբանական հիվանդությունները.

«Գերակշռում են վնասվածքաբանական հիվանդությունները, որոնցից են ողնաշարի դեֆորմացիաները, հարթաթաթությունը և կրծքավանդակի դեֆորմացիաները: Իսկ կրծքավանդակի դեֆորմացիաներից էլ բխում են սրտային և թոքային հիվանդությունները: Զորակոչի առումով որ ասեմ՝ հիմա պակասել են հիվանդությունները, այդպես չէ»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը