Լրահոս

21.10.2010 15:56


Լևոն Անանյան. «...պետք է լինենք միասնական և թուրքի ջրաղացին ջուր չլցնենք»

Լևոն Անանյան. «...պետք է լինենք միասնական և թուրքի ջրաղացին ջուր չլցնենք»

ՀՀ գրողների միության մեծ դահլիճում տեղի  ունեցող արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր ելույթով հիշեցրել է, որ Գրողների միությունը 1980-ականների վերջից եղել է արցախյան շարժման նախաձեռնողնրից և կազմակերպիչներից մեկը։

-Արդեն հասել ենք մի սահմանագծի, որ պետք է մենք մեր խոսքն ասենք, և մենք այն կարևոր մասնակցությունն ունենանք, որը յուրաքանչյուր ժողովրդի համար կարևոր է այնքանով, որքանով որ նա  մեր երկրի, մեր ժողովրդի բախտն է,-նշել է նա։

Լևոն Անանյանը ցանկություն է հայտնել, որ այս հավաքը ոչ թե միջոցառում դառնա, այլ նպաստի «ուղտի ականջում քնած լինելու» բարդույթից ազատվելուն և ակտիվ գործողություններ իրականացնելուն։ Նա ընդգծել է, որ միայն այս տարի Ադրբեջանում 6 գիրք է հրատարակվել, որտեղ նշվում է, թե հայերը քոչվորներ, եկվորներ են, և այս տարածաշրջանն էլ Ադրբեջանից է սկիզբ առել։ Լևոն Անանյանը նշել է նաև, որ Ադրբեջանը ոչինչ չի խնայում, որպեսզի միջազգային հասարակական կարծիքը շեղվի, որեպեսզի մենք տանուլ տանք, ինչպես այսօր ենք  տանուլ տալիս։ Նա կարևոր է համարել հայրենասիրական ճառեր ասելու փոխարեն անցնել գործնական քայլերի ու դրանք քայլերն իրականացնել ոչ թե ժխտման խրամատներից և ասել՝ «ինչ արվում է՝ վատ է», այլ արդեն արվածին ավելացնել։

-Եթե այսօր էլ միասնական չլինենք, եթե այսօր էլ արվածի վրա ցեխ շպրտենք և սկսենք մտածել, որ ոչինչ չի արվում, կամ արվածը սխալ է... Պետք է վերջապես թոթափենք կուսակցական, քաղաքական, անձնական հավակնորդային բոլոր բարդույթները և մի տեղ, մի գաղափարի շուրջ պետք է լինենք միասնական ու թուրքի ջրաղացին ջուր չլցնենք։ Ամեն օր մենք  զբաղված ենք երկպառակությամբ. որդը մեր միջուկի մեջ նստած է,-ընդգծել է նա։

Լևոն Անանյանը հավելել է նաև, որ պետությունն իր ուժերի սահմաններում անում է հնարվոր ամեն ինչ։ Իսկ եթե քաղաքացիական այս շարժումն այդքան ակտիվ է, ապա պետք է միասնական մի խումբ ստեղծել, որը Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում գտնվող հայ գործարարներին հորդորի, որ պարտավոր են հայրենիքի հանդեպ իրենց  սերը ոչ թե ռեստորաններում բաժակաճառերի և գեղեցիկ խոսքերի միջոցով արտահայտել, այլ ներդրումներ անել, որպեսզի գիտնականների համապատասխան խմբեր ստեղծնեն, և մեր վրդովմունքը, տագնապն ու սերը Ղարաբաղի ճակատագրի հանդեպ գործնական հիմքերի վրա դնենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը