Լրահոս

21.10.2010 16:03


Էդվարդ Նալբանդյան. «Ժողովրդավարությունը պետք է լինի շարունակական, այլապես այն կդադարի ժողովրդավարություն լինելուց»

Էդվարդ Նալբանդյան. «Ժողովրդավարությունը պետք է լինի շարունակական, այլապես այն կդադարի ժողովրդավարություն լինելուց»

Ելույթ ունենալով ԵԽ «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այս տարի նշվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունման 60-ամյակը, որը միասնական նպատակ է հռչակել համաեվրոպական արժեքներից բխող իդեալների և սկզբուքների կենսագործումը, եվրոպական միասնության ձևավորումը:

Նա նշել է, որ շրջադարձային նշանակություն ունեցավ Բեռլինի պատի փլուզումը, որը սոսկ ֆիզիկական փլուզում չէր։ Այն Եվրոպայում գաղափարախոսական բաժանարար գծերի վերացման սկիզբն էր ազդարարում:

-Բայց արդյո՞ք այսօր կարող ենք ասել, որ բաժանարար գծերն իսպառ վերացել են: Ի՞նչ նոր մարտահրավերներ են ի հայտ եկել փոխարեն Սառը պատերազմի շրջանի առճակատմանը: Արդյո՞ք այսօր, կարող ենք ասել, որ ժողովրդավարության զարգացման առումով այլևս անելիք չի մնացել: Այդպես չէ, մենք ունենք մարտահրավերներ, որոնց քննարկմանն է նվիրված հենց այս ֆորումը,- ասել է Էդվարդ նալբանդյանը։

Նա նշել է, որ համաժողովի արժեքը կայանում է նրանում, որ ժողովրդավարության խնդիրների շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ և զերծ մնան կարծրատիպային մտածելակերպից: Նրա խոսքերով, համատեղ ջանքերից է կախված, թե որչափ արդյունավետ է Եվրոպայի խորհուրդը ծառայելու որպես կարևոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի և Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար:

Դիմելով ներկաներին, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ որքան հին է Եվրոպա մայրցամաքը, նույնքան հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ և այդ իմաստով, Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին ընթանում է բնական կերպով, որովհետև հայ ժողովրդի մշակութային, դավանաբանական, լեզվական ու աշխարհընկալման առումներով սա վերադարձ չէ. խորքային արժեքային համակարգի տեսանկյունից հայերը մնացել են նույն տեղում' հավատարիմ այն ակունքներին, որոնք նաև Եվրոպայինն են:

-Հայաստանում շուտով նշելու ենք անկախության 20-ամյակը: Հայաստանի, ինչպես և ամբողջ Եվրոպայի համար անցած քսան տարիները էական վերափոխումների ժամանակաշրջան էր, որը մենք փորձեցինք անցնել ձեռք-ձեռքի տված: Ժողովրդավարությունը կենդանի օրգանիզմ է' ազգային, տարածաշրջանային և համընդհանուր յուրահատկություններով, որը ձևավորվում և շարունակաբար զարգանում է: Կարող ենք համամիտ լինել այն մտքին, որ ժողովրդավարությունը պետք է լինի շարունակական, այլապես այն կդադարի ժողովրդավարություն լինելուց,- եզրափակել է ԱԳ նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը