Մեկնաբանություն

12.07.2016 09:50


Բաքուն կողմ է փուլային տարբերակին. ի՞նչ են մտածում Ստեփանակերտում և Երևանում

Բաքուն կողմ է փուլային տարբերակին. ի՞նչ են մտածում Ստեփանակերտում և Երևանում

Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններն ինտենսիվ բնույթ են կրում, ինչն աննախադեպ է:

Նա նաև ասել է, որ կողմ է Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակին: Դա այն տարբերակն է, որին 1998-ին կողմ էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն հայտնի ուժերը թույլ չտվեցին այդ տարբերակը կյանքի կոչել:

Ու չնայած այն բանին, որ նույն 1998-ին հայտարարվում էր, թե փուլայինն այն տարբերակն է, որը հետագայում Հայաստանը խնդրելու, բայց չի ստանալու, կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ փուլային տարբերակին Բաքուն միշտ էլ համաձայն է, քանզի այն իրականում նշանակում է հայկական կողմի զիջումներ՝ կապիտուլյացիա: Ասել է թե՝ կապիտուլյացիան չի կարելի ներկայացնել որպես դիվանագիտական ու քաղաքագիտական մտքի թռիչք: Ինչևէ:

Դատելով ամենից՝ Ղարաբաղի հարցով բանակցություններն այժմ, իրոք, փուլային տարբերակի շուրջ են ընթանում: Պաշտոնական Երևանը և իշխանական քարոզչամեքենան թեև փորձում են հերքել դա, սակայն իրականությունն այլ է: Մանավանդ որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կողմ է հակամարտության կարգավորման կազանյան տարբերակին, որը հենց տխրահռչակ փուլայինն է (սկզբում վերադարձվում է հինգ շրջան, հետո Ղարաբաղին տրվում է միջանկյալ կարգավիճակ, բայց՝ Ադրբեջանի կազմում: Գալիս են «խաղաղապահ» կոչվածները, հետո հանձնվում է ևս երկու շրջան, իսկ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը թողնվում է անորոշ ապագային, այսինքն՝ Ղարաբաղն ամբողջությամբ մտնում է Ադրբեջանի կազմ՝ վերադառնալով 1988-ի ստատուս քվոյին):

Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, որ Ղարաբաղը պետք է վերադարձնել բանակցային սեղան (այս հարցը նաև քարոզչական մանիպուլյացիաների գործիքի է վերածվել): Իշխանական քարոզչամեքենան տարածում է, թե, իբր, դրան է ձգտում Սերժ Սարգսյանը: Իրականությունը, սակայն, այն է, որ վերջին տարիներին վարվող ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասել ենք մի վիճակի, որ այժմ պետք է փորձենք բանակցային սեղան վերադարձնել Հայաստանին, քանզի մեր սուբյեկտայնության մակարդակն այնքան է ընկել, որ արդեն Երևանի հետ էլ չեն խոսում: Դիմում են միայն Ալիևին, քանզի Սարգսյանը դրսին միշտ «այո» է ասում և պատրաստ է ամեն ինչի:

Ինչ վերաբերում է սպասվող զարգացումներին, ապա ամեն ինչ, ի վերջո, ներսում է որոշվելու: Ստեփանակերտն ու Երևանը (խոսքս հանրության լայն շրջանակների ու մեր երկրի անվտանգության խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի մասին է), հետևաբար, պետք է պատրաստ լինեն վիժեցնելու ցանկացած ծրագիր:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը