Լրահոս

12.07.2016 14:24


Ալումյան. «Հայկ Խանումյանի ծեծի գործի նախաքննությունը կասկածների տեղիք է տալիս»

Ալումյան. «Հայկ Խանումյանի ծեծի գործի նախաքննությունը կասկածների տեղիք է տալիս»

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասակծների տեղիք է տալիս: NewsBook-ի հետ զրույցում Հայկ Խանումյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ նախաքննությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե գործը կոծկելու խնդիր է դրված:

«Թեև 3 հոգի կալանավորված է, միևնույն է, առ այս պահը չեն կարողանում հայտնաբերել մեքենաներն ու նրանց տերերին և դա այն դեպքում, երբ ավտոմեքենաների համարանիշներն առկա են: Դեպքը եղել է Ստեփանակերտի կենտրոնում և դժվար է պատկերացնել, թե ինչպես չեն գտնում, դեպքը եղել է հատուկ պահպանվող տարածքում, բացի դա, Ղարաբաղում բոլորը բոլորին գիտեն»,-ասաց Ալումյանը:

Փաստաբանը շեշտեց՝ իրավապահ մարմինները ցանկանում են զուտ ցույց տալ, թե գործ են անում, բայց, իրականում, առարկայական գործողություններ չկան արված: Ալումյանը նշեց, որ նախաքննական մարմինը հրաժարվում է գործով փաստերը ներկայացնել՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է:

«Նախաքննական գաղտնիք հասկացությունը գլխի վայր շուռ են տվել նրա համար, որ գործով կասկածյալները և մեղադրյալները չիմանան, թե նախաքննությունն ինչ ուղղությամբ է ընթանում: Սակայն մենք պահանջում ենք, որ դեպքի տեսագրությունը տրամադրեն մեզ, բայց չեն տրամադրում, ստացվում է՝ չեն տրամադրում նրան, ում հետ դեպքը կատարվել է»,- շարունակեց փաստաբանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ գործն անգամ դատարան չհասնի և արագ փակվի, կամ մի քանի անձ պատժվեն, իսկ հետո համաներում լինի, Ալումյանը պատասխանեց. «Նրանք մեղադրվում են անձ առևանգելու մեջ, նշանակում է՝ համաներումը նրանց վրա չի տարածվում: Այդ դեպքում նաև մեղադրանքը պետք է մեղմացնեն»:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը