Լրահոս

11.12.2009 18:06


Արամ Հարությունյան. «Սա այն դեպքն է, երբ Թուրքիան այնքան էլ լավ վիճակում չէ»

-Միշտ չէ, որ նախաձեռնությունը լավ է, բայց ընդհանրապես նախաձեռնողականության լավն այն է, որ եթե լավ ես հաշվարկում, ի վերջո, կարող ես առավելություն ունենալ։ Ոչ թե, ի վերջո, ենթարկվում ես իրավիճակին, այսինքն՝ խաղացողներն են քեզ ստիպում քայլ անել, այլ դու ինքդ ես որոշում, և գաղափարը քեզանից է։ Եթե լավ ես հաշվարկում, նախաձեռնությունը վատ բան չէ,- նախաձեռնողական քաղաքականության վերաբերյալ խոսելիս ասել է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությանը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ այդ քաղաքականության շնորհիվ Հայաստանն ամեն դեպքում դիրքային առավելություն է ստացել, և եթե խոսենք շախմատի լեզվով, ապա սպիտակներով մենք ենք խաղում, քանի որ, ի վերջո, առաջին քայլը հայկական կողմն է արել։

-Սա այն դեպքն է, երբ Թուրքիան այնքան էլ լավ վիճակում չէ, որովհետև եթե Թուրքիան դուրս գա գործընթացից, ապա մենք չենք կորցնում, իսկ գործընթացը շարունակվելու դեպքում ևս (ի նկատի ունեմ՝ եթե սահմանները բացվեն) որևէ բան չենք կորցնում։ Համոզված եմ, որ այս պահին Թուրքիայի դիրքն այնքան էլ լավ չի։

Նրա կարծիքով գործընթացի դադարի դեպքում եզրակացությունն այն է լինելու, որ Ցեղասպանություն տարած ազգն առաջին քայլը նույնիսկ ինքն արեց՝ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու, իսկ թուրքերը չկարողացան իրենց մեջ ուժ գտնել և գնալ դրան։ Մենք նույնիսկ քաղաքականապես աշխարհի դիմաց ավելի ժամանակակից ենք լինելու և ավելի լավ կողմից ենք երևալու, քան թուրքերը։ Դիրքային պայքարում, ըստ Արամ Հարությունյանի, Հայաստանի դիրքն ավելի լավ է, քան Թուրքիայինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը