Լրահոս

11.12.2009 17:59


ՀՀ կուսակցական երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության կուսակցական երիտասարդական կազմակերպությունների հայտարարությունը

11 դեկտեմբերի 2009թ., ք.Երևան

Մենք՝ Հայաստանի Հանրապետության կուսակցական կազմակերպությունները ներկայացնող երիտասարդներս, դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները պատերազմ նախաձեռնելու վերաբերյալ: Գտնում ենք, որ խաղաղությունը մարդկային պատմության կարևորագույն առժեքներից է համաշխարհային հանրության, առավելևս մեր տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի՝ պատմությունից դասեր չքաղած և պատերազմը վերսկսելուն ուղղված հոխորտանքները պարսավելի են անգամ այն դեպքում, եթե դրանք ունեն բացառապես քարոզչական նպատակներ: Իսկ եթե այսպիսով հող է նախապատրաստվում ռազմական գործողությունները վերսկսելու համար, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու նախևառաջ երիտասարդությունը պատվով կընդունեն այս մարտահրավերը և հերթական անգամ զենքը ձեռքին կպաշտպանեն արցախցու՝ իր հայրենիքում ԱԶԱՏ ապրելու իրավունքը, ինչպես նաև արժանի հակահարված տալով ագրեսորին՝ կպատժեն նրան իր պատեհապաշտ գործողությունների համար՝ պարտադրելով նրան խաղաղություն, չբացառելով ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը:

Մենք վստահ ենք, որ պետականությանը սպառնացող վտանգը կմիավորի՛ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց սոցիալական դիրքից և քաղաքական հայացքներից: Որպես արտաքին սպառնալիքին հանդիման նման միասնության օրինակ, մենք՝ քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող երիտասարդ քաղաքացիներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում հայրենիքին սպառնացող վտանգի առարկայացման դեպքում մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները և միասնաբար մարտնչել մինչև հաղթանակ:

Հանո՛ւն ազատության.

Հանո՛ւն խաղաղության.

Հանո՛ւն Հայաստանի Հանրապետության:

 

ԱԺՄ երիտասարդական թև 

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միություն 

«Հանրապետություն» կուսակցության երտասարդական թև 

ՀՅԴ Հայաստանի երտասարդական միություն 

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն 

ՀՌԱԿ «Արմենակ Եկանյան» երիտասարդական ակումբ

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Սույն հայտարարությունը ստորագրվել է այսօր, 2009թ. դեկտեմբերի 11-ին, Եռաբլուր հուշահամալիրում: Այն բաց է. ՀՀ բոլոր երիտասարդական, ուսանողական քաղաքական և հասարակական կազմակերպությունները կարող են ստորագրությամբ միանալ այս հայտարարությանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը