Աշխարհ

16.07.2016 07:38


Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում (տեսանյութ, լրացվում է)

Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում (տեսանյութ, լրացվում է)

Թուրքիայի Զինված ուժերը հայտարարել են, որ երկրի իշխանությունը ոտնահարել է սահմանադրական կարգուկանոնը և մարդու իրավունքները, այդ իսկ պատճառով ԶՈՒ–ն իր ձեռքն է վերցնում Թուրքիայի կառավարման ղեկը։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը տեղի ունեցածն անվանել է ռազմական հեղաշրջման փորձ:

Դադարեցվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի և Թուրքիայի պետական հեռուստաալիքի աշխատանքները:

Ամբողջ երկրով պարետային ժամ է սահմանվել:

NTV հեռուստաալիքն էլ տեղեկացնում է, որ Անկարայի օդում F-16 կործանիչն ուղղաթիռ է ոչնչացրել. կան զոհեր:

Նշվում է նաև, որ իշխանություններին հաջողվել է կասեցնել ռազմական հեղաշրջման փորձը։ Ստամբուլի նահանգապետն ասել է, որ ոստիկանության 17 աշխատակից է սպանվել: Բախումներ են տեղի ունեցել զինվորականների և Էրդողանի կողմնակիցների միջև, ովքեր վերջինի կոչից հետո դուրս էին եկել փողոցներ: Սպանվել է ռազմական հեղաշրջման փորձին մասնակից գեներալներից մեկը: Ստամբուլում հնչել է նաև հզոր պայթյունի ձայն։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքն ամբողջապես փակ է։

CNN Turk հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր զինվորական դատախազի և 46 բարձրաստիճան սպաների կողմից:

Ի դեպ, Գերմանիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը թույլ չի տվել, որ վայրէջք կատարի իր երկրի տարածքում։ Ինչպես փոխանցում է NBC հեռուստաալիքը, Էրդողանը Գերմանիայից ապաստան էր խնդրել։ Մերժում ստանալուց հետո նրա ինքնաթիռն ուղևորվել է Լոնդոն։ Սակայն տեղեկություններ կան, որ Թուրքիայի նախագահն արդեն վերադարձել է հայրենիք։

***

Գյոլբաշի դատախազությունը հայտնել է, որ առնվազն 42 մարդ է սպանվել ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ։ Զոհվել է նաև 6 խաղաղ բնակիչ։ Թուրքիայի խորհրդարանի վրա 2 ական է նետվել: Ռմբակոծվել է նաև Էրդողանի նստավայրը։

***

Իր աշխատանքներն է վերսկսել CNN Turk հեռուստաալիքը։ Զինվորականները ներխուժել էին «Dogan» մեդիակենտրոն։ Հենց այնտեղ են գործում համանուն գործակալությունը, CNN Turk հեռուստաալիքը և «Hürriyet» թերթը: CNN Turk-ի ստուդիայում կրակոցներ էին լսվել:

Զինվորականներին հաջողվել էր գրավել նաև TRT ռադիոընկերությունը:

***

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում:

***

Ստամբուլում հիվանդանոցում առնվազն 150 տուժած կա։

***

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլի օդանավակայնաի մոտ հավաքված իր կողմնակիցների առաջ և հայտարարել, որ հարձակում է իրականացվել Թուրքիայի միասնության դեմ: Նա դավաճաններ է անվանել ռազմական հեղաշրջման փորձ կատարածներին և մասնակիցներին:

***

Էրդողանի կոմնակիցները խռովարարների 2–րդ ուղղաթիռն են խոցել։

***

Բախումների ժամանակ ռազմական հեղաշրջման 16 կազմակերպիչ է սպանվել։

***

Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում»,–ընդգծել է նա։

***

Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում 5 գեներալ և 26 գնդապետ է հեռացվել։

***

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայում հանգստության կոչ է արել։

***

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով 60 մարդ է զոհվել, 754–ը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Anadolu գործակալությունն էլ փոխանցում է, որ հայտնի է դարձել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպչի անունը՝ գնդապետ Մուհարեմ Քոսեն:

***

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով 90 մարդ է զոհվել, 1154–ը՝ վիրավորվել, 1563 անձ էլ՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է տեղական ԶԼՄ–ն։

***

Վրաստանի քաղաքացիներին կոչ է արվել ժամանակավորապես զերծ մնալ Թուրքիա այցելություններից։

***

Ադրբեջանի ԱԳՆ-ն խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայում կատարվածի առնչությամբ:

***

Թուրքիայի ԳՇ–ն հաղորդել է 104 խռովարարի ոչնչացման մասին։

***

Բոսֆորի կամուրջը գրաված զինվորականները ձեռքերը բարձրացրած հանձնվել են։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը