Լրահոս

16.07.2016 23:38


Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներով 5 հիվանդ

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներով 5 հիվանդ

Հուլիսի 16-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներով 5 հիվանդ, որոնցից 4-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, իսկ 1-ը՝ 18 տարեկան: Ընդունվելու պահին հիվանդների վիճակը եղել է միջին ծանրության, ունեցել են փսխում և լուծ:

Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահի դրությամբ նրանց վիճակը բավարար է և բարելավվում է: Նոր հիվանդներ չկան։

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես արձագանքել է դեպքին և իրականացրել համաճարակաբանական հետազոտություն։ Պարզվել է, որ բոլոր հիվանդները 2016 թվականի հուլիսի 14-ին մասնակցել են անտառում կազմակերպված խնջույքի, որի ընթացքում օգտագործել են խառը և բազմազան սնունդ: Հարցվել են խնջույքի մյուս բոլոր մասնակցիները։ Նրանց շրջանում գանգատներ ունեցող անձինք չեն հայտնաբերվել: Բոլորին հորդորվել է առաջին իսկ գանգատների դեպքում՝ սրտխառնոց, փսխում, լուծ, անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է ամռան սեզոնին բնության գրկում միջոցառումներ կազմակերպելիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին, օգտագործվող միրգը և բանջարեղենը լվանալ ոչ թե գետի կամ լճի, այլ միայն խմելու ջրով, խուսափել շուտ փչացող սննդամթերք, մասնավորապես՝ կրեմային հրուշակեղեն, աղցաններ օգտագործելուց: Չօգտագործել սառնարանային պայմաններում պահպանման ենթակա սննդամթերք, ուտել ոչ ճարպոտ և դյուրամարս սնունդ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը