Մեկնաբանություն

19.07.2016 09:05


Բռնապետության անատամ երախը

Բռնապետության անատամ երախը

Սերժ Սարգսյանը կուզենար ոչնչացնել Էրեբունու ոստիկանության բաժանմունքը վերցրած տղաներին, բայց վախենում է:

ՀՀԿ ղեկավարը լուծում չունի: Սա իր սիրելի ակցիաներից չէ, որ հետո վերածվում է «Տարո՛ն ջան, սիրուն չի» շոուի կամ «Օպերա» օպերացիայի: Այստեղ զենքը թղթից չէ, և այս դեպքում հնարավոր չէ հայտարարել, թե բա՝ «Սթափվե՛ք, գժուկներ»:

Սկզբում փորձ արվեց «հակաահաբեկչական» գրոհի համար հանրային կարծիք ձևավորել, բայց չստացվեց, քանզի հանրությունն այլ ռեակցիա տվեց: Ճիշտ է, որևէ մեկը չողջունեց ոստիկանության սպայի սպանությունը, բայց ճնշող մեծամասնությունը համակարծիք է, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա (տղաները հենց դա են պահանջում):

Ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրում եթե տեղի ունենար նման դեպք, ապա իշխանությունները շատ հանգիստ ուժ կկիրառեին ու կվերացնեին ոստիկանության վրա գրոհողներին: Հանրությունն էլ որևէ ձևով չէր քննադատի այդ քայլը: Սերժ Սարգսյանը, սակայն, չի կարողանում ուժ կիրառել: Չի կարողանում, քանզի ունի զրոյական լեգիտիմություն:

Սարգսյանի լեգիտիմությունն այնքան ցածր է, որ նա արդեն չի կարողանում օրենքով սահմանված բռնությունը կիրառել:

Բռնապետությունը դարձել է անատամ ու չի կարողանում կուլ տալ նոր զոհերի: Ոստիկանությունն աջ ու ձախ մարդկանց է բերման ենթարկում, բայց դա է՛լ ավելի է թուլացնելու իշխանությանը, քանզի մի ամբողջ ժողովրդի չես կարող ձերբակալել: Ու որքան շատ լինի հրապարակը լցված, այնքան կթուլանա ռեժիմի դիմադրությունը: Պետք է, հետևաբար, հանրային դիմադրությունը մեծացնել ու թույլ չտալ նոր արյունահեղություն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը