Լրահոս

22.10.2010 13:08


Քննարկումներ ՄԱԿ-ում ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ

Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ-երկրների հետ քննարկումներ էին անցկացնում կազմակերպության հատուկ մանդատներ ունեցող Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր առիթներ էին ունեցել վերջին շրջանում այցելելու Հայաստան:

Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները: Վերջինս հայտարարել է, որ Հայաստանի "ագրեսիայի" և "օկուպացիայի" հետևանքով Ադրբեջանը ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում և իր կառավարության մտահոգությունը հայտնեց, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը:

Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների և սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին' ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը և տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:

Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին' ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախևառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու' վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, թե ոչ, ու հավելել, որ կարևորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռևս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախևառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան ելույթը սկսեց ներկայացնելով իր տպավորությունները Հայաստան այցից, մասնավորապես նշելով, որ իր կատարած առաքելությունը լավ առիթ է հանդիսացել ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակին, և նա իր երախտագիտություն է հայտնում Հայաստանի իշխանություններին հրավերի և առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին իր այցն անփոփող ցեկույցը կներկայացնի Ժնևում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը