Քաղաքական

20.07.2016 15:05


Գարեգին Չուգասզյան. «Իշխող ուժն ուրվականի է վերածվել»

Գարեգին Չուգասզյան. «Իշխող ուժն ուրվականի է վերածվել»

«ՍիվիլՆեթ»-ին հաջողվել է կապ հաստատել ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ։ Նա պատասխանել է մի քանի հարցերի.
-Պարո՛ն Չուգասզյան, ինչո՞ւ եք ընդհատակում։

-Ինչպես գիտեք, ես համարվում եմ մեղադրյալ, ուստի չեմ պատրաստվում ինքնակամ հանձնվել մեր «արդար» դատական համակարգին, որը խաղալիք ատրճանակի համար ինը տարի է տալիս, իսկ նկարահանված սպանության համար` ազատում բանտից։

-Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հանգուցալուծումը։

-Բանակցություններ չեմ մասնակցում, ուստի չեմ տիրապետում մանրամասներին, թե ինչ հանգուցալուծում է հնարավոր։ «Սասնա ծռերի» տղաներին զրկել են լիարժեք կապից, որ իմանանք մանրամասները։ Լրագրողները նույնպես դրված են խաղից դուրս։

-Ո՞րն է է ձեր գնահատականը տեղի ունեցողի վերաբերյալ։

-Հայաստանը փաստացի չունի քաղաքական ղեկավարություն. իշխող ուժն ուրվականի է վերածվել՝ վտանգի տակ դնելով ոստիկանությանը։ Ոստիկանությունն անվտանգության գոտու դերն է կատարում եւ ոչ թե օրինականության պաշտպանի։ Մի բան պարզ է՝ ըստ «Սասնա ծռերի» ապստամբների՝ այնտեղ ավելի շատ զենք ու զինամթերք կա կուտակված, քան սահմանում, ուր զինամթերքի պակաս կար ապրիլին։

-Հնարավոր արյունահեղության կանխման ի՞նչ տարբերակներ եք տեսնում։

-Երկրում վստահության կառավարության ձևավորումն ու Սերժ Սարգսյանի խաղաղ հրաժարականը: Անցնցում փոփոխությունների ճանապարհն անշրջելիորեն կփակվի «Սասնա ծռերի» նկատմամբ գրոհի դեպքում, և խաղաղ փոփոխությունների պատուհանը՝ նույնպես: Սա նոր և անպատիժ մարտի մեկ չի լինելու, և պայքարը ստանալու է ֆրանսիական Դիմադրության շարժման նման ազատագրական բնույթ։

Մանրամասները՝ «ՍիվիլՆեթ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը