Քաղաքական

21.07.2016 11:00


Մանվել Եղիազարյան. «Իշխանությունը պետք է գնա»

Մանվել Եղիազարյան. «Իշխանությունը պետք է գնա»

Երեկ երեկոյան Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների կողքին էին նաև «Համախմբում» կուսակցության անդամներ՝ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, նաև «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը։ Ներկայացնում ենք նրա հարցազրույցը hraparak.am–ի հետ։

- Արդարացնո՞ւմ եք «Սասնա ծռեր» խմբի արարքը, ինչպե՞ս եք որակում այն, առհասարակ։

- Ես կարող եմ ընդամենը մի բան ասել, որ ամեն պարագայում՝ որպես հայ, հայրենասեր, ես չեմ կարողանում իրենց դատապարտել։ Ամենակարեւորը դա է։ Ես չեմ կարողանում դատապարտել մարդկանց, որ այս իրականության մեջ... նայեք չորս կողմը՝ տանջահար մարդիկ, երիտասարդներ, որոնք 30-40 տարեկան են՝ չեն կարողանում ընտանիք կազմել, չկա մի տուն, որ գաղթական բարեկամ չունենա, որի մի մասը ետ չի գալու Ռուսաստանից, չկա մի աղջիկ, որ իր ծնողի մասին չմտածի, չմղկտա, որ մամայի հագը շոր չկա, մաման լավ չի սնվում, չկա մի ծնող, որ իր երեխային կերակրի այնպես, որ իր երեխան կազմավորվի իսկական տղամարդ, իսկական աղջիկ... այսպիսի իրականության մեջ ես ո՞ւմ կարող եմ մեղադրել, ես իրավունք ունե՞մ ինչ-որ մեկին մեղադրելու։ Էս իրավիճակում ես ինչպե՞ս կարող եմ դատապարտել մարդկանց արարքը, որոնք արդեն չունենալով միջոց ոչ մի կերպ ապրելու, շնչելու, իրենց բարոյականությունը պահելու, ստիպված մարդիկ այդ քայլին են գնացել։

-Սա համարվո՞ւմ է իշխանափոխության քաղաքական ճանապարհ։

-Գիտե՞ք, սա քաղաքական ճանապարհ է՝ այլ միջոցներով։ Ամեն մի միջոցը քաղաքական է, եթե կա այլընտրանք, ընտրում ես ուրիշ ճանապարհ, սա էլ է քաղաքական ճանապարհ, քաղաքականության շարունակություն է, ուղղակի այլ միջոցներով։ Ես այդպես եմ կարծում, որովհետեւ աշխարհում այնքան դեպքեր են եղել ժողովուրդների պատմության մեջ, որ եղել են այսպիսի ընդվզումներ, ավելի սարսափելի մեծ ընդվզումներ, բայց վերջում լեզու են գտել, կարգավորել են ամեն ինչ ու իրենց երկիրը դուրս են բերել ճգնաժամից։ Բայց մենք ճգնաժամի մեջ չենք, մենք անդունդի պռնկին կանգնած երկիր ենք։ Դրա համար ես չեմ կարողանում ավելորդ վատ բան ասել կամ մտածել այս տղաների արարքի մասին։

-Վատ բան չեք ասում, իսկ թեկուզ հոգու խորքում աջակցո՞ւմ եք նրանց՝ որպես քաղաքացի կամ որպես քաղաքական գործիչ։

-Հոգու խորքում, կարելի է ասել՝ ես, այո, համախոհ եմ, համախոհ եմ ընդվզման հետ, համախոհ եմ շատ բաների հետ։ Իհարկե, գիտե՞ք ինչ կա, որպես պատրիոտ՝ ընդամենը չեմ ուզում, որ մարդ մեռնի։ Բայց խնդիրները կան։ Ես, վերջապես, հայրենասեր եմ եղել, որ գնացել եմ մարտադաշտ, հավաքել եմ մարդկանց, տարել եմ հայրենիքը պաշտպանելու։ Այ, միայն էդ դրվագն է, որ ինձ սկսում է, ինչպես ասում են, անդորրդ խանգարել, միայն դա է։

-Ձեր կուսակցության դիրքորոշումն ու բռնած դիրքն այս հարցում ինչպիսի՞ն է։

-«Համախմբում» կուսակցությունն արել է հայտարարություն, եթե չեմ սխալվում՝ առաջիններից մեկը, եւ ասել է, որ այս իրավիճակի համար մեղավոր են գործող իշխանությունները, որի հետեւանքը եղավ սա։

-Բացի հայտարարությունից, գործնական առումով ինչպե՞ս է դրսեւորվում ձեր կուսակցության այդ դիրքորոշումը։

- Մենք փորձում ենք միջնորդել, փորձում ենք մի բանով օգտավետ լինել, որպեսզի կարողանանք խաղաղ, առանց արյան այս ամեն ինչը լուծել։

-Այս ընթացքում բազմաթիվ քննադատություններ եղան ընդդիմության հասցեին, որ նրանք ժողովրդի կողքին չեն։ Ինչո՞ւ ընդդիմությունն այստեղ կանգնած չէ՝ առանձին գործիչներին չհաշված։

-Դե, գիտե՞ք ինչ կա, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ուժեղ, ընդգծված ընդդիմություն գոյություն չունի այսօր Հայաստանի Հանրապետությունում, «Համախմբում» կուսակցությունը նոր ձեւավորում ենք մենք, ընդամենը մեկ ամսվա պատմություն ունենք եւ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի կարողանան մարդիկ հասկանան, որ մենք կողմ ենք, որ այս ամենն ավարտվի առանց արյան։ Մի մոռացեք, որ այստեղ միայն իշխանությունների հարց դրված չէ կամ ոստիկանության։ Այսօր այնտեղ մարդիկ են շրջապատված, որոնք էս հայրենիքի համար արել են ամեն ինչ եւ ոչինչ չեն ստացել՝ բացի արհամարհանքից։ Եվ ժողովրդի մեծամասնության համակրանքը դեպի այդ կողմն է։ Եվ ես բազմիցս հայտարարել եմ՝ որտեղ ժողովուրդը, այնտեղ ես կանգնելու եմ։

-Լավ, ինչպե՞ս եք այս ամենի լուծումը պատկերացնում, քանզի փակուղային է հիմա իրավիճակը։

-Գիտե՞ք ինչ կա, պետք է սա խրատ լինի իշխանություններին։ Եթե իշխանությունները փորձելու են վաղվանից փոխել իրավիճակը, թեկուզ ես շատ քիչ եմ հավատում իմ ասածներին, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ՝ ճիշտը դա կլինի, որ ամեն ինչին վերջ տան ու հասկանան մի բան, որ ստամոքսից վեր գլուխ կա կանգնած։ Ամեն մի մարդ ուզում է երջանիկ լինի, մի՛ փլցրեք մարդկանց տները։

-Այսինքն, ի՞նչ եք առաջարկում՝ հրաժարակա՞ն պետք է տան։

-Եթե չի կարողանում իշխանությունն անել այն, ինչ ժողովուրդն է պահանջում, բնական է՝ այդ իշխանությունը պետք է գնա։ Հետո, գիտե՞ք ինչ կա, մենք այնպես պիտի անենք, որ հասարակությունը սիրի իշխանություններին։ Եթե կոլեկտիվում կա 20 մարդ, եւ դու գիտես, որ այդ 20 մարդուց 18-ը քեզ չի սիրում, դե, բնական է, 18-ին էլ դու չես սիրում, չէ՞, այդպես չէ՞։ Հիմա մեր իրականությունը դա է՝ ժողովուրդը չի սիրում իշխանություններին, իշխանություններն էլ չեն սիրում ժողովրդին։

Մանրամասները ` hraparak.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը