Քաղաքական

21.07.2016 12:04


«Առաջին անհրաժեշտության իրեր և հագուստ ստացել են միայն Օսիպյանն ու Եղիազարյանը»

«Առաջին անհրաժեշտության իրեր և հագուստ ստացել են միայն Օսիպյանն ու Եղիազարյանը»

Գրոհի հավանականություն կար, բայց նման բան տեղի չունեցավ, որովհետև մենք շատ զգոն ենք. 24 ժամ շարունակ այստեղ մարտական հերթափոխություն է: «NewsBook»-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենց ուժերը բավարար են, և ինչ էլ լինի, կկարողանան այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոստիկանները հետ գնան: Անդադառնալով սննդի հարցին՝ նա նշեց, որ թեպետ այս օրերի ընթացքում այդքան չեն կարևորել այդ հարցը, սակայն հասել է պահը՝ բարձրաձայնելու խնդրի մասին:

«Ես՝ որպես պատասխանատու, արդեն չեմ կարող չխոսել այստեղ գտնվող մարդկանց, այդ թվում՝ ոստիկանների սննդի հարցից: Փաստորեն, խոչընդոտվում է մարդկանց սննդի, ծխախոտի ներս թողնելու հարցը: Այստեղ մարդիկ կան, որ սովորական ջուր չեն խմում: Խոսքը Վալերի Օսիպյանի մասին է: Եթե անգամ ինչ-որ բան էլ բերվում է, ապա ոչ այն քանակությամբ, որ ներսում եղած բոլոր մարդկանց հերիքի: Ոստիկանությունն օրական մեկ անգամ սնունդ է բերում, հիմնականում՝ հաց և պահածոներ, իսկ երեկ ընդհանրապես չի բերել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանությունը թույլ չի տալիս, որ որևէ մեկը սեփական միջոցներով գնված սնունդ ուղարկի: Նա նկատեց, որ եթե ոստիկանությունն այս առումով ոչ ոքի չի վստահում, ապա սնունդ կարող է ուղարկել գոնե Կարմիր խաչի կամ միջազգային այլ կառույցների միջոցով:

«Մարդիկ այստեղ սոված են, ծխող մարդիկ կան, որ տանջվում են: Առաջին անհրաժեշտության իրեր և հագուստ ստացել են միայն երկու բարձրաստիճան ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Մնացածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը մեկ անգամ ևս ցույց է տալիս ռեժիմի դեմքը և մեր հանդեպ նրանց վատ վերաբերմունքը: Ես ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մենք ապստամբներ ենք և ապստամբություն ենք իրականացնում: Մենք արհամարհում ենք ՀՀ անվան տակ հանդես եկող համակարգի քրեական օրենսգիրքը և այդ օրենքը չկատարող մարմիններին և մեր ժողովրդի հետ միասին ավարտին ենք հասցնելու մեր հայրենիքի ազատագրման հարցը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Մանրամասն՝ «NewsBook»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը