Մեկնաբանություն

21.07.2016 14:10


Կորել է ՀՀ իշխանությունը. համարել անվավեր

Կորել է ՀՀ իշխանությունը. համարել անվավեր

Հա՜...Դու մի ասա «Սասնա ծռեր» խմբավորումը զինված ապստամբության դիմելիս հաշվի չէր առել, որ Կառավարության նիստերը հինգշաբթի օրերին են հրավիրվում: Բռնել ու կիրակի լույս երկուշաբթի է գրավել ՊՊԾ գունդը: Դրա համար էլ ստիպված էր սպասել մինչև հինգշաբթի, որ Կառավարության ղեկավարը վերջապես իշխանության տեսակետն արտահայտեր իրենց գործողության վերաբերյալ: Ինչն էլ քիչ առաջ արեց Հովիկ Աբրահամյանը ասելով, որ երկրում փոփոխություններ իրականացնելու համար բռնության մեթոդ կիառելը ձև չի ու իշխանությունն ամեն ինչ անելու է, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա:

Իսկ մենք էլ ասում էին՝ ա՛յ մարդ, էս ո՞ւր է իշխանությունը. հինգերորդ օրն է միայն Հունան Պողոսյանին ենք տեսնում: Պարզվում է՝ պետք է սպասեինք Կառավարության հերթական նիստին, որպեսզի համոզվեինք, որ գործող իշխանությունը վերջնականապես մահկանացուն չի կնքել: Ինչպես ասում են՝ դեռ խռխռում է կամ էլ հոգեդարձ լինելու փորձեր է անում: Իսկ մենք «անմարդկայնորեն» պատրաստվում էինք «պանիխիդայի» գնալ: Դեռ խռխռում է, ա՛յ, անխիղճներ: Մի շտապեք, էլի, թողեք գոնե հանգիստ մահկանացուն կնքի: Էնքան շտապեցիք, որ ստիպված եղավ հոգեդարձ լինելու վերջին ճիգերն անել ու ցույց տալ, որ դեռ ի վիճակի է «խաղաղ հանգուցալուծման» հասնել:

Ոստիկանություն-քաղաքացիներ բախումներից ու բուժհաստատություններում վնասվածքներով հայտնված ցուցարարների ու ոստիկանների մասին էլ չէր կարող տեղյակ լինել, քանի որ ինքն էլ էր գիտակցությունը կորցրել: Իսկ ընդհանրապես, այս ամենը շատ զավեշտական կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ հանդես եկավ «Պավլիկ Մորոզովի» դերում ու իշխանության անունից հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու են, որ...Եվ այլն:

Բայց ախր, ըստ ՀՀ Սահմանադրության երկրի ու ժողովրդի անվտանգությնա երաշխավորը ոչ թե վարչապետն է այլ՝ ՀՀ նախագահը: Թե՞ արդեն նոր Սահամնադրությամբ են առաջնորդվում: Այդ դեպքում, հազիվ թե Սերժ Սարգսյանը որպես ամբողջական իշխանության կրողի ընկալեր Հովիկ Աբրահամյանին: Նոր Սահմանադրությամբ, նա իրեն է վերապահել այդ գլխավոր «գործառույթը»: Բայց դե, հիմա այն պահն է, որ հարմար է թաքնվել Աբրահամյանի թիկունքում:

Նորանկախ Հայաստանի պատմության 25 տարում Սերժ Սարգսյանը միշտ արտակարգ իրավիճակներում անհետ կորել է, «հօդս է ցնդել»: Եվ հայտնվել է միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հարաբերականորեն խաղաղվել է: Զարմանալի է միայն այն, թե ինչո՞ւ է նրա փոխարեն հիմա իրեն այսպես «կոտորում» վարչապետը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը