Մեկնաբանություն

22.07.2016 10:00


Ո՞րը կարող է լինել փոխզիջումը

Ո՞րը կարող է լինել փոխզիջումը

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն, իրոք, մեր երկրի ամենատեղեկացված մարդկանցից է: Նա շատ լավ գիտի, որ եթե հանկարծ որևէ խոսք ասի ոստիկանության բաժանմունքի գրավման կապակցությամբ, ապա այդ խոսքը կաշխատի իր դեմ և հանրային մոբիլիզացիայի գործընթացը կարագացնի: Դա է պատճառը, որ նա լռում է:

Սարգսյանը փորձ ունի: Նա գիտի, որ հակահանրահավաք անցկացնելը հակառակ արդյունքն է տալու (հատկապես երբ ունես զրոյական լեգիտիմություն): Նա գիտի, որ հաճախորդներով չի կարող իրավիճակ փոխել: Նաև գիտի, որ եթե «շտուրմի» գնա, ապա «քաշվելու է»:

«Սասնա ծռերի» տղաները խառնել են Սարգսյանի խաղաքարտերը: Սա այն դեպքը չէ, երբ քաղաքական հարցերը հնարավոր կլինի չքաղաքականացնել:

Դրված է հստակ պահանջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հարցն այն է, թե ինչպես պետք է հեռանա Սարգսյանը, կամ ինչպես պետք է փորձի չհեռանալ:

Եթե տղաների դեմ իշխանություններն ուժ կիրառեն, ապա դա հղի է անկանխատեսելի և արյունալի հետևանքներով: Ըստ ամենայնի՝ սա շատ լավ հասկանում են Բ26-ում:

Եթե ուժ չկիրառեն, ապա իշխանական բուրգը կսկսի փլուզվել: Սա էլ են շատ լավ հասկանում Բ26-ում:

Մնում է փոխզիջումը: Այնպիսի փոխզիջումը, որը կբավարարի ոչ թե կողմերին, այլ հանրությանն ու պետությանը: Այդ փոխզիջումը Սերժ Սարգսյանի հեռացման քաղաքակիրթ սցենարի իրագործումն է:

Սարգսյանի հեռացմամբ կունենանք ներքին ու արտաքին քաղաքական կյանքում լրջագույն փոփոխություններ իրականացնելու հնարավորություն, Հայաստանն ու Ղարաբաղը կբեռնաթափվեն ու կլիցքաթափվեն, տնտեսական կյանքում հնարավոր կլինի աշխուժություն մտցնել ու թուլացնել սոցիալական լարվածությունը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը կփոխվի: Եվ ամենակարևորը՝ Սարգսյանի հեռացմամբ Ղարաբաղի հարցում մեզ համար խիստ անբարենպաստ զարգացումները կանխելու ճանապարհ կբացվի:

Ի դեպ, շատ կարևոր է Սարգսյանի հեռացման ոչ միայն բովանդակային, այլ նաև ձևական կողմը: Գործընթացը պետք է լինի առանց ցնցումների, անարյուն և կառավարելի: Վերարտադրության ցանկացած փորձ կարող է բերել է՛լ ավելի մեծ պայթյունների:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը