Քաղաքական

22.07.2016 11:50


Վահե Հովհաննիսյան. Ճգնաժամ և լուծումներ

Վահե Հովհաննիսյան. Ճգնաժամ և լուծումներ

Զարգացումները մոտենում են այն կետին, որից հետո երկրում նոր իրականություն կարող է ստեղծվել: Ինչպիսին կլինի այն, շատ դժվար է ասել: Մենք այսօր գործ ունենք խորը ճգնաժամի հետ:

1. ՊՊԾ գրավում, զինված ապստամբներ, զոհ, պատանդներ: Սա ճգնաժամի մի ուղղությունն է:

2. Իշխանության կոպիտ սխալը` կատարվածը ահաբեկչություն բնորոշելը, բերեց ճգնաժամի երկրորդ ուղղության ձեւավորմանը` հասարակական ճգնաժամ: Հասարակության համակրանքն անցնում է “Սասնա ծռերի” կողմը: Սրան, իհարկե, մեծապես նպաստում է երկրում առկա սոցիալական վիճակը եւ արդարության խորը դեֆիցիտը: Բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում` հասարակական տրամադրություններն այդպիսին են, նվազագույնը` ճնշող մեծամասնությամբ ապստամբներին ահաբեկիչ չեն համարում:

3. Իշխանության երկրորդ կոպտագույն սխալն ինքնամեկուսանալն էր: Երբ մենք ասում էինք, որ իշխանությունները կտրվել են իրականությունից, ապա դրա դրսեւորման կուլմինացիան հենց սա էր` առաջին իսկ օրն էր պետք խոսել ժողովրդի հետ, հանդերձ գալ ուղերձով, մեսիջներով: Պահն անդառնալիորեն բաց է թողնված: Եվ մենք ունենք երրորդ ճգնաժամը` իշխանության ճգնաժամ: Ժողովուրդը տեսավ, որ ամենալարված պահին իշխանությունը կորավ, ինքնամեկուսացավ: Որեւէ պահի ՊՊԾ-ի խնդիրը լուծվելու է, բայց իշխանության ճգնաժամն այլեւս շատ սուր մնալու է օրակարգում:

4. Քաղաքական ուժերն ապացուցեցին, որ իրենք ադեկվատ չեն իրականությանը, եւ որ հայաստանյան քաղաքական վերնախավը ծայրից ծայր սպառվել է: Այն չի կարող երկիրն առաջ տանել, այն ձեւավորված է իներցիայի, տարբեր գործարքների եւ մանր շահի վրա: Սա նշանակում է, որ նոր քաղաքական էլիտայի ձեւավորումը դրված է նույնքան սուր, որքան իշխանության ճգնաժամը: Նոր քաղաքական էլիտան պետք է ձեւավորվի տարբեր քաղաքական ուժերում առկա անհատների, իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս գտնվող անհատների եւ նոր դեմքերի շնորհիվ, բայց ամենակարեւորը` նոր մտածողության եւ նոր խաղի կանոններով:

5. Բոլոր այս կետերը եւ երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները հանգեցրել են պետականության ճգնաժամի: Չնկատել սա` նշանակում է նպաստել դրան: Ընդամենը երեք ամիս առաջ մենք պատերազմի մեջ էինք, որը ոչ ոք չի համարում ավարտված: Տնտեսությունը դեֆոլտի ճանապարհին է, հասարակությունը հակվում է պայքարի ծայրահեղ դրսեւորումներին, իշխանությունն ինքնամեկուսանում է, քաղաքական դաշտն ունի զրոյական հեղինակություն: Սա հենց պետականության ճգնաժամն է: Ապրիլի պատերազմից հետո իշխանությունն ընդամենը տասը օր խոսեց փոփոխությունների եւ հին կյանքից հրաժարվելու մասին: Հետո շարունակվեցին նույն բարքերը եւ խաղի կանոնները: Ունեցանք այս օրը: Պետականության ճգնաժամը կարող է բերել տարածքային եւ այլ անդառնալի կորուստների: Այնպիսի կորուստների, որից 100-200 տարի ուշքի չենք գա: Սա նշանակում է, որ պետք է օր առաջ ելքեր փնտրել, կազմել փոփոխությունների ճանապարհային քարտեզ, որը հասարակության մեջ`Երեւանի կենտրոնից մինչեւ սահմանամերձ գյուղ, հասկանալի կլինի ու հավատ կներշնչի:

6. Առաջին քայլը, իհարկե, սուր փուլի խաղաղ հանգուցալուծումն է: Այստեղ ամենամեծ սխալը միմյանց փակուղում դնելն է: Պետք է ամեն կերպ խուսափել դրանից: Սա բարդ խնդիր է, բայց ունի լուծումներ: Պետք է օգնել պետությանը` դուրս գալ փակուղուց: Սա ամենեւին չի նշանակում` սատարել իշխանությանը: Սա ելքեր գտնելու պրոցես է, որի տապալումից տուժելու է պետությունը: Ոչ մի լավ բան չկա, երբ իշխանությունը գտնվում է մեկուսացված եւ փակուղային վիճակում: Սա կարող է հանգեցնել իշխանության կողմից ոչ ադեկվատ քայլերի: Իսկ դա նշանակում է արյունահեղություն, նոր զոհեր ու պետության էական թուլացում: Պետք է օգնել «Սասնա Ծռեր» խմբավորմանը` իրավիճակը հնարավորինս օբյեկտիվ գնահատելու համար: Արյունահեղությունից խուսափելու համար կարեւոր է, որ նրանք էլ փորձեն փնտրել այլընտրանքային ելքեր: Այս ամենի իրականացման համար կան բավարար զսպվածություն եւ խոհեմություն ունեցող անհատներ: Մարդիկ, ովքեր կարող են թե՛ իշխանության հետ խոսել, թե՛ հասարակության, թե՛ «Սասնա ծռերի» տղերքի: Ճգնաժամի սուր փուլից հետո շատ սահուն պետք է անցնել խորքային քաղաքական եւ տնտեսական փոփոխությունների ճանապարհային քարտեզի մշակմանը, որտեղ անշուշտ պետք է լինեն հրաժարականներ եւ պաշտոնանկություններ, նոր ընտրական օրենսգիրք, նոր ընտրություններ, նոր քաղաքական վերնախավ, նոր կյանք Հայաստանում:

Վահե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը