Մեկնաբանություն

23.07.2016 23:00


Սերժ Սարգսյանի տված հերթական վնասը

Սերժ Սարգսյանի տված հերթական վնասը

Սերժ Սարգսյանը հերոսներին կարող է արժեզրկել այն աստիճան, որ նրանք հանրության աչքում վերածվեն «մանրադրամի»: Տխուր է: Շատ տխուր: Վիտալի Բալասանյանի «վերջիբոլշևիկյան» ոճի միջնորդական առաքելությանը հանրությունը բացասական գնահատական տվեց: Եթե չասենք՝ խիստ բացասական: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով հանրության շրջանում կրկին վերաթարմացվեց տգեղ երևույթը՝ «ղարաբաղցի-հայաստանցի» սինդրոմը: Չես հասկանում՝ ՀՀԿ ղեկավարը հատո՞ւկ է սա անում, թե՞ ոչ: Բայց եղածն արդեն եղել է ու հիմա զայրույթը չթաքցնելով՝ շատերն սկսել են անգիտակցաբար տիրաժավորել այդ վտանգավոր թեզը: Միմյանց ձայնակցելով ասում ու գրում են, թե «Հայաստանում մեկը չկա՞ր, որ էլի Ղարաբաղից բերեցին, որպեսզի բանակցեր «Սասնա ծռեր» խմբի հետ»:

Բորբոքվում ու բողոքում են, թե ինչու պետք է ղարաբաղցին գար ու բանակցեր ու «արդյունքն էլ էս ըլներ»: Ավելին՝ ոմանք արդեն հայտարարում են, թե Վիտալի Բալասանյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար: Սա ևս ասվում է անընդունելի տոնայնությամբ:

Մի բան է զարմացնում: Սեֆիլյանի լռությունը: Եթե «Սասնա ծռերի» հետ ասուլիս է կազմակերպվում և Բաղրամյան 26-ի լրատվամիջոցներից մեկի թղթակիցն էլ ուզածի չափ մուտիլովշիկության «մաստեր-կլաս» է ցուցադրում՝ անիմաստ-քչփորող հարցերի տարափ թափելով զինյալների և միջնորդի գլխին, ապա ինչու մի հարց էլ չի փոխանցվում ու պատասխան ստանալու խնդրանք չի արվում Ժիրայր Սեֆիլյանին: Չէ՞ որ նա, ըստ Բալասանյանի, ասել է, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց: Սեֆիլյանն այդ մասին անձամբ չի հայտարարել: Նրա խոսքը փոխանցվել է միջնորդավորված ձևով: Եվ հե՛նց այս մոտեցումն է զայրացրել մարդկանց: Ի դեպ, Բալասանյանը կարող էր նաև ձայնագրել Սեֆիլյանի խոսքը եւ գոնե այդ կերպ ներկայացներ: Պարզ է, որ այդ տարբերակն էլ է բացառվել ու հիմա շատերն իրենց զայրույթը թափում են միջնորդ Բալասանյանի վրա, որի հայտարարություններն, ի դեպ, ակնհայտորեն իշխանահաճո են: Ճիշտ է մարդիկ չեն մոռանում ապրիլյան պատերազմում նրա անձնուրաց կեցվածքը, բայց չափազանց հիասթափված են նրա միջնորդական դերակատարությունից: Աերժ Սարգսյանը ցանկացած անհատի վարկանիշ կարող է մի քանի օրում զրոյացնել: Եվ դրանում նրան մեղադրել պետք չէ: Մեկը, ով ոչ մի գնով չի ցանկանում «փչանալ», նրան ոչ ոք չի կարող «փչացնել»: Սակայն ինձ այս ամենն առավելապես մտահոգում է այն առումով, որ դարձյալ ոչ դրական ենթատեքստով արծարծվում է «ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատման թեման: ՀՀԿ ղեկավարի հերթական «անուրանալի վաստակն» է սա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը