Մեկնաբանություն

27.07.2016 15:15


Դեռ կա՞ մարդ, ով կհավատա «բարեփոխիչ Սարգսյան» նախագծին

Դեռ կա՞ մարդ, ով կհավատա «բարեփոխիչ Սարգսյան» նախագծին

Հուլիսի 17-ից մինչև հիմա բոլորս խոսում ենք արյունահեղությունը բառացելու մասին, շատերը իշխանություններին կոչ են անում չդիմել ուժային մեթոդների և ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» հետ խոսել մարդկային լեզվով, գրոհային գործողությունների չդիմել և այլն: Արդեն 10-րդ օրն է՝ բոլորս իշխանություններին հասցեագրված զայրացկոտ «ուղերձ» ենք հղում՝ «Տղաների գլխից չպետք է ոչ մի մազ պակասի»:

Այս ամենը մենք ասում ենք, մենք լսում, քանի որ Բաղրամյան 26-ի հրահանգով գործող ոստիկանությունը դիմում է այնպիսի անընդունելի մեթոդների, անում այնպիսի քայլեր, որոնք արտոնված են վերոնշյալ հասցեից:

Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, թե որքան թուլամորթ է ինքը (թեպետ, մի առիթով հայտարարել է, որ ինքը թուլամորթ մարդ չէ): Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ, ՀՀԿ ղեկավարի թուլամորթության վառ ապացույցն է:

«Սասնա ծռերը» բարի կամք դրսևորեցին և հերթով բաց թողեցին 7 պատանդներին: Ինչի դիմաց ստացան ավելի տմարդի վերաբերմունք, քան կարելի էր պատկերացնել: Սկսվեցին «հանցավոր խմբերի» հայտնաբերման և «Սասնա ծռերի» համախոհների ձերբակալությունները: Չհաշված, խաղաղ ցուցարարների շրջանում սադրիչ գործողությունների իրականացումն ու մարդկանց առևանգումներն ու բերման ենթարկելու փաստերը:

Ասում ենք՝ տղաների գլխից չպետք է մազ պակասի, բայց արդեն 5 վիրավոր կա. խմբի 31 անդամից ներսում մնացել է 24-ը (5-ը վիարհատական սեղաններին էին կամ կալանավորված, երկուսն էլ հանձնվել են, ըստ ոստիկանության): Եթե դավադրաբար պետք է ապստամբների ոտքերին կրակելով փորձեին նրանց «շարքից հանել», ապա մնում է զարմանալ, թե ի՞նչ «բանակցային գործընթաց» էին սկսել ու բանակցող էին ուղարկում նրանց մոտ:

2014-15-ի այս օրերին ազերի դիվերսանտները անարգել ներթափանցում էին մեր տարածք, գերի վերցնում կամ սպանում ու վիրավորում սահմանագոտու բնակիչներին, այն ժամանակ մեր ուժայինները չէին կարողանում գոնե կրակել ազերի դիվերսանտների ոտքերին: Եվ ընդհանրապես ուղտի ականջում քնած էին: Իսկ հիմա մեր երկրի ներսում դավադրաբար կրակում են ատելի իշխանության նկատմամբ ժողովրդի ցասումն արտահայտելու նպատակով զինված ապստամբության դիմած հայ տղամարդկանց: Որտե՞ղ է լսված կամ տեսնված նման բան:

Երկու կամ մեկ տարի առաջ ազերի դիվերսանտների առաջխաղացումը կանխեիք, ոչ թե հիմա երկրի մայրաքաղաքում կրակեք հայ մարդկանց ոտքերին, որոնք, կրկնում եմ՝ ապստամբության են դիմել՝ շարքային քաղաքացիների, ժողովրդի մեծամասնության սրտի ուզածը կատարելով:

Այսքանից հետո, երբ խոսվում է երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք ցանկության դեպքում իբր կարող է իրականացնել ՀՀԿ ղեկավարը՝ ես դա չեմ հասկանում: Մանավանդ, երբ որոշները «փիլիսոփայում են»՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը եթե գնա «արմատական բարեփոխումներ» կատարելու ճանապարհով՝ պատմության մեջ մնա որպես «Բարեփոխիչ հայր»: 8 տարին բավարար չէ՞ր համոզվելու համար, որ Բաղրամյան 26-ում հայտնված անձի ուղեղում լրիվ այլ բաներ են արմատակալել և միայն մտավոր հետամնացներին կարելի է հավատացնել, թե Սարգսյանի մնալով հնարավոր է երկրում հասնել ինչ-ինչ փոփոխություների իրականացմանը (իբր, «Սասնա ծռերի» ապստամբությունը նրան կստիպի վերջապես ձեռնամուխ լինել փոփոխությունների իրագործմանը):

Արմատական փոփոխությունները, անգամ՝ սովորական փոփոխություններն ու Սերժ Սարգսյանը իրար հակացուցված են: Դրանք պարզապես հականիշներ են:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը