Լրահոս

22.10.2010 17:31


Կառավարությունը փորձում է ոչնչացնե՞լ փոքր համայնքները

Մինչ համայնքի ղեկավարները մտածում էին, որ ծանր սոցիալական վիճակը հաղթահարելու համար պետական օժանդակություն է անհրաժեշտ հատկապես սահմանամերձ համայնքների համար, ասենք՝ պետական լրավճարների ավելացման տեսով, 2011թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ կառավարությունն առաջարկել է մի բան էլ կրճատել այդ ֆինանսները: Պետական լրավճարների կրճատման առաջարկության մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նա հայտարարել է, որ 2011թ. կրճատվելու են 230 համայնքներին հատկացվող լրավճարները:

Չնայած սա դեռ նախագիծ է ու քննարկման է դրվելու Ազգային ժողովում, համայնքապետերը ներքուստ համոզված են, որ առաջարկը միանշանակ կընդունվի, անգամ հստակ թիվ կա՝ ներքին կարգով համայնքապետերը  նաև փորձել են ճշտել՝ ո՞ր համայնքներից ու որքա՞ն է կրճատվելու: 

Ախուրյանի համայնաքապետ Արծրունի Իգիթյանն արդեն իսկ տեղեկացել է, թե ինչքան են կրճատելու Ախուրյան համայնքին հատկացվող լրավճարը. «2010թ. մեր դոտացիան եղել է 104 մլն, նոր նախագծով արդեն ես տեսա, որ 97,8 մլն-ի սահմաններում էր: Այսինքն մոտ 6 մլն-ի տարբերություն: Այս հարցը ես բարձրացրեցի վերջին մարզխորհրդի նիստում, խնդրանքով դիմեցի, որ եթե աճ չի լինելու, գոնե թող մնա նույնը, ոչ թե կրճատեն»:

Ախուրյանի համայնքապետի խոսքերով՝ համայնքներից պահանջում են ավելացնել ծառայությունները. «Ինչի՞ հաշվին, եթե 6 մլն դրամ  գումար պակասում է,-ասել է Արծրունի Իգիթյանը՝ ավելացնելով,-մի՞թե մեծ է այդքան մեր բյուջեն։ Ես ուսումնասիրել եմ՝ որոշ հիվանդանոցներ մեծ քաղաքներում անգամ ավելի մեծ բյուջե ունեն, քան Ախուրյան համայնքը։ Ի՞նչ ենք անելու, կնշանակի ստիպված ենք կրճատումների գնալ, ինչն էլ անպայման մասնագետ-կադրերի խնդիր կառաջացնի»:

Պետական լրավճարների կրճատման մասին տեղեկությունները շատ  ավելի ծանր են տանում փոքր համայնքների ղեկավարները: «Սա կբերի համայնքների խոշորացման, եթե կրճատեն 300-ից պակաս բնակչություն ունեցող գյուղերի  պետական հատկացումները, այդ գյուղերում ստիպված են պահակ պահել, քանի որ համայնքները կդատարկվեն,-ասել է Կարմրաքարի ղեկավար Գագիկ Վահրադյանը։-Այդ համայնքներն ինչպե՞ս գոյատևեն, եթե խիստ ցածր է նաև սեփական եկամուների հավաքագրման ցուցանիշը»:

Գագիկ Վահրադյանը նաև նշել է. «Այդ մի բանն է, որով պետությունը աջակցություն է ցուցաբերում փոքր համայնքներին։ Եթե մենք էլ ընկնենք այդ ցուցակի մեջ, դա կնշանակի Կարմրաքարը Հայաստանի Հանարապետությունից վերջնականապես վերացնել որպես համայնք և որպես բնակավայր»:

Համայնքապետերը նշում են, թե սրանով փորձ է արվում գցել տեղական ինքնակառավարման դերը: Նրանց խոսքերով՝ իրենք չեն կարողանալու փողոցներ նորոգել, աշխատավարձ բարձրացնել կամ ասենք մի ուսանողի օգնել: Իսկ սա ենթադրում է, որ ընկնելու է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:

 Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը