Լրահոս

28.07.2016 15:14


Ովքեր էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի ձեռքից բարձրախոսը խլող երիտասարդները (տեսանյութ)

Ովքեր էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի ձեռքից բարձրախոսը խլող երիտասարդները (տեսանյութ)

Նախօրեին Խորենացի փողոցում մի խումբ երիտասարդներ փորձում էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի ձեռքից խլել բարձրախոսը։ Նրան նույնիսկ մի կողմ տարան և իրենց տարաձայնություններն էին հայտնում, ինչից որոշ ժամանակ անց բողոքի գործողության մասնակիցներին կոչ արվեց գնալ տուն և այսօր՝ 20։00–ին, կրկին հավաքվել Ազատության հրապարակում։

«7or»–ը Հարություն Աղլամազյանից հետաքրքրվել է, թե ովքեր էին այդ երիտասարդները։

–Ես անձամբ նրանց չեմ ճանաչում, մինչ այժմ էլ տեղի ունեցող ակցիաների ժամանակ չեմ նկատել։ Նրանք հավանություն չէին տալիս իմ կոչերին և փորձում էին խանգարել դրանց։ Սակայն փոխարենը ոչինչ չէին առաջարկում։ Ես նրանց ասում էի՝ եթե կարծիքներ և տարբերակներ ունեք, ասեք, որպեսզի ներկայացնենք ժողովրդին, և որոշենք, թե ինչ ենք անում,–պարզաբանել է նա։

Նաև հավելել է, որ այդ անծանոթ տղաները ասել են՝ ինչ–որ իրավաբան է եկել, ուզում է ելույթ ունենալ, սակայն Հարություն Աղլամազյանը դեմ է եղել դրան։

–Այստեղ իրավաբանը չի կարող գալ, այստեղ կարող են ներկա գտնվել քաղաքացիներ, ովքեր ունեն կարծիքներ։ Եթե մարդիկ դուրս են եկել փողոց և իրենց կարծիքն են ներկայացնում, նշանակում է, որ իրավաբանական կառույցները չեն գործում,–հավելել է նա։

«7or»–ի այն դիտարկմանը, որ այդ երիտասարդների հետ խոսելուց հետո կոչ արվեց Խորենացի փողոցում հավաքված մարդկանց տուն գնալ, նա պատասխանել է, որ նման բան ինքը չի արել։

–Ես միշտ կոչ եմ արել, որպեսզի ժողովուրդը մնա տեղում, շարունակի իր խաղաղ նստացույցը։ Կոչ եմ անում, որպեսզի միանան նաև մշակույթի գործիչները։ Ժողովուրդն ինքն է որոշել՝ ինչ անի։ Տուն գնալու որոշում չի կայացվել։ Համաձայն ձայների ճնշող մեծամասնության՝ ես հասկացա, որ մարդիկ ուզում են մնալ տեղում։

Հարություն Աղլամազյանը հավելել է, որ այսօր կրկին մի մասը հավաքվելու է Ազատության հրապարակում, մյուս մասը՝ Խորենացի փողոցում։ Այնուհետև համատեղ որոշելու են հետագա քայլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը