Մեկնաբանություն

30.07.2016 00:05


Թո՞ւրքն է կրակում և վիրավորում հայ զինյալներին

Թո՞ւրքն է կրակում և վիրավորում հայ զինյալներին

Թեև արդեն զարմանալու արժանի քիչ բան կա մեր երկրում, բայց չենք կարող տարակուսանք չհայտնել վերջին օրերին «դրսում» և «ներսում» շարունակվող զարգացումների կապակցությամբ:

Տեսեք՝ ինչ է կատարվում: Մարդիկ Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում ցույցեր ու երթեր են անում, իսկ ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հերթով «հանձնվում» կամ վիրավորվում են: Հարթակում հայտնված մարդկանց էլ հերթով մեկուսացնում են: Համենայնդեպս, ՀՀ ոստիկանության կամ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրություններից տեղեկանում ենք զինված ապստամբների «ինքնակամ հանձնվելու» վիրավորվելու կամ խմբավորմանը օժանդակելու մեղադրանքով ձերբակալությունների դեպքերի մասին:

Այս հաղորդագրություններից ստացած տպավորությունն այնպիսին է, որ շարունակվում է «մարտեր առանց կանոնների» հակամարտությունը: Ըստ ոստիկանության, գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերը» խախտելով իրավապահների պահանջը՝ հերթական անգամ կրակահերթեր է արձակում, ու ոստիկաններն էլ ստիպված պատասխանում են կրակահերթերով, ինչի հետևանքով հերթական անգամ վիրավորվում է զինված խմբավորման մեկ, երկու կամ երեք անդամ:

Ստացվում է, որ «Սասնա ծռերի» բոլոր կրակոցները «փուստ» են գնում, իսկ ոստիկանությանը հաջողվում է վիրավորել խմբի անդամներին: Շա՜տ տարօրինակ է: Ո՞վ կարող է հավատալ նման հեքիաթների: Հատկապես հեքիաթի առաջին մասին, երբ «Սասնա ծռերը» հանկարծ որոշում են կրակահերթեր արձակել: Բա եթե «Սասնա ծռերը» կրակում են, այդ դեպքում ինչո՞ւ գոնե մի ոստիկան չի վիրավորվում, իսկ վիրավորվողները լինում են միայն զինված խմբի անդամները: Հնարավոր է, «Սասնա ծռերը» կրակահերթեր են արձակում, սակայն փաստը, որ նրանք չեն վիրավորում կամ սպանում որևէ ոստիկանի, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ՊՊԾ գնդի տարածքը գրաված խումբը ի սկզբանե նպատակ չի ունեցել վիրավորել կամ սպանել որևէ մեկին:

Իսկ ահա՛ ոստիկանությունը հստակ ու կոնկրետ է գործում՝ կրակելով տղաների ուղղությամբ և վիրավորելով նրանց: Իսկ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ երեսպաշտորեն հայտարարում են, թե հայը հայի վրա չպետք է կրակի: Հիմա ի՞նչ, համարենք, որ թո՞ւրքն է կրակում և վիրավորում հայ զինյալներին: ՀՀ Ոստիկանությունն ինքն է հստակ նշում իր կողմից կրակելու եւ վիրավորելու մասին:

Բնականաբար, Սերժ Սարգսյանն այլ բան չէր կարող մտածել, քան վիրավորելու ձևով հերթով «Սասնա ծռերին» «շարքից հանելու» օպերացիայի իրագործումը, ինչն էլ տեսնում ենք վերջին օրերին: Միաժամանակ, դրսում նրանց պաշտպանությամբ հանդես եկողներին է «շարքից հանում»՝ ձերբակալելու և կալանավորելու ձևով:

Լավ, ենթադրենք ՀՀԿ ղեկավարին հաջողվեց այս ապստամբությունը խեղդել՝ բանտերը լցնելով հարյուրավոր մարդկանցով: Հետո՞: Արդյո՞ք դա նրան թույլ կտա պահել աթոռը և շարունակել «նույն ոգով» ղեկավարել երկիրը, ինչպես ղեկավարում էր մինչև հուլիսի 17-ը:

Զինված ապստաբության փաստն իսկ արդեն բավարար է, որ նա մոռանա իր նախատեսած ծրագրերի մասին, մանավանդ, երբ ակնառու դարձավ ժողովրդի ատելությունն իր նկատմամբ:

Զրոյական վարկանիշով, թուլացած ու վարկաբեկված անձն այլևս տեղ չի կարող ունենալ կառավարման համակարգում: Նա, իհարկե, այդպիսին էր մինչև հուլիսի 17-ը, սակայն «Սասնա ծռերը» նրան ստիպեցին առարկայորեն գիտակցել, որ մեր երկիրն ու ժողովուրդն այլևս իր հետ ճանապարհ չունեն անցնելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը