Մեկնաբանություն

01.08.2016 10:25


Տղաները հանձնվեցին, բայց խնդիրներն ավելացան

Տղաները հանձնվեցին, բայց խնդիրներն ավելացան

Երեկ «Սասնա ծռերի» տղաները որոշեցին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Այդպիսով հնարավոր եղավ խուսափել նոր արյունահեղությունից, ինչը ողջունելի է:

ՊՊԾ գնդի գրավման ու դրան հաջորդած իրադարձությունների մասին դեռ շատ կգրվի: Կլինեն վերլուծություններ ու գնահատականներ:

Թե ինչ արդյունքի հասան տղաները, դա էլ առանձին խոսակցության թեմա է: Չարժե շտապ եզրահանգումներ անել: Մեկ բան, սակայն, այս պահին կարելի է արձանագրել՝ ցանկացած քաղաքական պահանջ առանց, քաղաքական գործընթացի ու քաղաքական առաջնորդության, չի կարող կատարվել: Քաղաքական դաշտից դուրս ցանկացած գործընթաց շատ արագ դառնում է լուսանցքային: Այլ հարց է, որ քաղաքական դաշտը կարող է լղոզված լինել, բայց այդ դեպքում պետք է ոչ թե դաշտից բողոքել, այլ դաշտը մաքրել և տարանջատել թացը չորից: Ինչևէ:

Տղաները հանձնվեցին, բայց մեր երկրում առկա խնդիրները մնացին ու դեռ մի բան էլ ավելացան: Այնպես որ, իշխանությունները շատ ավելի մեծ սխալ կգործեն, եթե կարծեն, որ հաղթել են: Հաղթող այստեղ չկա: Ունենք զոհեր և վիրավորներ: Ունենք է՛լ ավելի մեծ անդունդ հասարակության ու իշխանության միջև: Ունենք փոխադարձ ատելության շեշտակի աճ. Սերժ Սարգսյանն ատում է իրեն չընդունող հանրությանը, և ոստիկանական վայրագությունները դրա վառ ապացույցն են, իսկ հանրությունն էլ ատում է Սերժ Սարգսյանին, և դա է պատճառը, որ պայքարի ծայրահեղ ու ոչ քաղաքական մեթոդներ չընդունողներն անգամ դրական են գնահատում կամ առնվազն չեն քննադատում «Սասնա ծռերի» արածը:

Նման դեպքերում ընդունված է ասել, որ պետք է դասեր քաղել ու հետևություններ անել, բայց ապրիլյան չորսօրյա թեժ մարտերն անգամ չփոխեցին իշխանությունների մտածելակերպը և վարքագիծը, էլ ուր մնաց, թե ՊՊԾ գնդի տարածքի գրավումը բան փոխի սրանց մոտ: Այնպես որ, լարվածությունը դեռ կաճի: Ճիշտ է, Սարի թաղում ու Խորենացի փողոցում երթևեկությունը կվերականգնվի, բայց դա ոչինչ չի նշանակում: Մեր երկիրն այլևս ցնցումային դաշտում է հայտնվել: Եվ սա այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, բայց ուզում է վերարտադրել իր իշխանությունը և ցմահ իշխել: Ասել է թե՝ անկայունության ու լարվածության աղբյուրը Բ26-ում է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը