Լրահոս

01.08.2016 11:05


Կարեն Անդրեասյան. «Այս անառողջ վիճակի համար պատասխանատու և մեղավոր է իշխանությունը»

Կարեն Անդրեասյան. «Այս անառողջ վիճակի համար պատասխանատու և մեղավոր է իշխանությունը»

–Հայաստանում մարդու իրավունքները խախտվել են բազմաթիվ դեպքերում և շատ երկար տարիներ։ Բայց այն, ինչ կատարվում էր այս վերջին օրերին, աննախադեպ էր,–այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ, ցավոք, Հայաստանը կամաց-կամաց մոտենում է ոստիկանական պետության կլիշեին.

Մենք Ազատության հրապարակում ոչ միայն «Սասնա ծռերի» համար ենք կանգնած, այլ յուրաքանչյուրի՝ լրագրողից մինչև բժիշկ, և ցանկացած քաղաքացու իրավունքների համար։

Անդրեասյանը նաև նշել է, որ երբևէ չէր պատկերացնի, որ կարող է արդարացնել զինված գործողությունները:

–Երկիրը հասել է այնպիսի մի իրավիճակի, երբ հասարակության մի հսկայական զանգված ոչ միայն արդարացնում է, այլև պաշտպանում է նման մեթոդը: Եվ ես ինքս չեմ կարողանում գտնել քննադատելու պատճառներ, որովհետև մարդիկ տարիներ շարունակ պահանջում են իրենց իրավունքների վերականգնում, արդարություն, սակայն ստանում են զինված հարձակում պետության կողմից: Եվ սա հենց զինված արձագանքն է զինված հարձակվող պետությանը,–մեկնաբանել է նա:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ Հայաստանում հասարակությունն է որոշելու՝ «Սասնա ծռերը» ապստամբնե՞ր էին, թե՞ ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված էին նման միջոցի դիմել:

Երբ արդարությունը չես գտնում դատարանում, ստիպված փողոց ես գնում, զենքը վերցրած փորձում ես այդ հարցերն այլ կերպ լուծել։ Ես վստահ եմ, որ «Սասնա ծռերի» սրտով էլ չէր այս ճանապարհը։ Սա առողջ վիճակ չէ, և այս անառողջ իրավիճակի համար պատասխանատու և մեղավոր է իշխանությունը, որը տասնամյակներ ուղղակի արհամարհել է բոլորիս,–նշել է Անդրեասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը