Մեկնաբանություն

02.08.2016 08:26


«Սերժերենից» հայերեն. երեկ, այսօր, վաղը

«Սերժերենից» հայերեն. երեկ, այսօր, վաղը

«Սասնա ծռեր» խմբի տղաների հանձնվելուց հետո մի փոքր ուշքի եկած և «դուխավորված» Սերժ Սարգսյանը «մեյդան» դուրս եկավ ու մի քանի մտքեր հայտնեց:

Ստորև ներկայացնենք ՀՀԿ ղեկավարի որոշ ձևակերպումներ և տանք մեր մեկնաբանությունը՝ թարգմանելով «սերժերենը»:

. . .

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար»:

Եթե մի քանի տասնյակ մարդուց բաղկացած զինված խումբը կարողանում է հարձակում պլանավորել ու շատ հանգիստ մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք, ապա իրավապահների ի՞նչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսքը:

Միգուցե Սարգսյանը պրոֆեսիոնալիզմի տակ նկատի ունի խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական խմբերի դաժան հարձակո՞ւմը:

. . .

«Անցած երկու շաբաթը և այդ ընթացքում մեր ունեցած կորուստներն անթույլատրելի են՝ մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած՝ մինչև այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը»:

Անշուշտ, տեղի ունեցածն անթույլատրելի է, բայց պետք է պատճառները հասկանալ: Զինված ապստամբության թիվ մեկ պատվիրատուն Սերժ Սարգսյանն է՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ:

Ինչ վերաբերում է տնտեսությանը հասցված հարվածին, ապա այդ գործը Սերժ Սարգսյանն անում է տարիներ շարունակ՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելով:

Ներդրումների կրճատումն ու կապիտալի փախուստը մեր երկրից անմիջականորեն պայմանավորված են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությամբ:

Երբ երկրում տոտալ թալան է տիրում և հարկային տեռոր, երբ ասֆալտից փող են քամում, երբ 1 միլիարդ դոլարից ավելի արժեք ունեցող Որոտանի կասկադը սեփականաշնորհվում է կոպեկներով ու դառնում ընտանեկան բիզնեսի առարկա, երբ վառելիքի ու մյուս ոլորտները անցնում են տոտալ վերահսկողության տակ, այդ ամենի արդյունքում է հարված հասցվում մեր տնտեսությանը: Դրա հետևանքով տուժում է նաև բանակը, և ունենում ենք ցավալի կորուստներ:

. . .

«Այսուհետ ևս մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ պատանդ առնի մեր երկիրը: Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու: Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ»:

Երբ Սերժ Սարգսյանը խոսում է զենքի ու բռնության մասին ու դրանք համարում անընդունելի, ապա մեկնաբանություններն ավելորդ են:

Դե, իսկ Երևանն, իրոք, Բեյրութ կամ Հալեպ չի կարելի դարձնել: Բայց խնդիրն այն է, որ «Վերջի բոլշևիկը» համառորեն մեզ տանում է մեկ այլ ուղղությամբ՝ փորձելով հետ չմնալ Ալիևից ու իշխանությունը ցմահ պահելու իր ձգտմամբ Երևանը դարձնել Բաքու:

. . .

«Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ»:

Սերժ Սարգսյանն իշխանության է եկել բռնության միջոցով ու ոչ մի կերպ չի ուզում հեռանալ: Իսկ դա նշանակում է, որ վարվող քաղաքականությունը փորձ է արվում պահպանել: Դա էլ իր հերթին նշանակում է, որ եթե այդ վերարտադրությունը հաջողվի, ապա այն քաղցկեղի պես կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ:

. . .

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է»:

Եվ սա ասում է մեկը, ով քաղաքացիներին ահաբեկողների՝ լիսկաների վրա հիմնված իշխանական բուրգ է ստեղծել:

. . .

«Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում»:

Սարգսյանը Բ26-ին կից աշխատող, բայց հուլիսի 29-ին ոստիկանական «դռբի» տակ ընկածներին իրականում ուզեցել է ասել, որ այդպես էլ է պատահում, և պետք չի նեղանալ:

Երբեմն-երբեմն ոստիկաններից կամ քաղաքացիական հագուստով հրոսակախմբերից ծեծ ուտելն այն գինն է, որը պետք է պատրաստ լինեն վճարել «անկախ» լրատվամիջոցների աշխատակիցները: Չէ՞ որ նրանք սնվում են այս իշխանության նետած փշրանքներով:

. . .

«Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: ... Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»:

Սարգսյանն այդպիսով ներկայացրել է իր ծրագիրը՝ կեղծել 2017թ. ԱԺ ընտրությունները, մի քանի թուլափայ նետել իրեն կցված կուսակցություններին ու դրանց հետ կազմել «ազգային համաձայնության կառավարություն»: Այսինքն՝ նա պատրաստվում է ընտրական համակարգի ու ընտրողի իրավունքի դեմ ահաբեկչություն իրականացնել:

. . .

«Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է»:

Այս «ռազմահայրենասիրական» հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ևս մեկ ագամ իր հավատարմությունը հայտնեց Ղարաբաղի խնդրի կարգավորման կազանյան, այն է՝ տխրահռչակ փուլային տարբերակին, ըստ որի՝ ազատագրված 7 տարածքները հանձնվում են Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց: Մնացածը դեմագոգիա է:

Իր հռետորաբանությամբ նա նաև դրսի ուժերին էր փորձում հասկացնել, որ այս փուլում Ղարաբաղը չի կարող տալ: Այլ հարց են յոթ շրջանները, որոնք Սարգսյանը «փոխզիջման» տակ պատրաստ է հանձնել:

. . .

«Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին (Ղարաբաղի խնդրին- Պ.Ա.): Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»:

Սա արդեն վերջն է: Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ հանուն պաշտոնի պատրաստ է զոհաբերել այլոց կյանքը (2008թ. մարտի 1), առևտրի առարկա դարձնել Հայոց ցեղասպանության հարցը («Ֆուտբոլային» դիվանագիտություն), հանձնել Ղարաբաղի հողերը (համաձայնություն փուլային տարբերակին):

Հանուն աթոռի՝ նա փոխեց Սահմանադրությունը, ԱԺ ներկայացրեց խայտառակ Ընտրական օրենսգիրք:

Մի խոսքով, կյանքն ապացուցում է, որ Սարգսյանը մտածում է բացառապես իր աթոռի մասին ու, հանուն այդ աթոռի, պատրաստ է զոհաբերել ամեն ինչ ու ամենքին: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը:

. . .

«Ամփոփելով՝ շեշտեմ՝ մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած: Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար»:

Սա արդեն սպասվող ահաբեկչության մասին հայտարարություն է: Եթե Սարգսյանն ուզում է «երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանել», ապա դա նշանակում է, որ բացասական երևույթները բազմապատկվելու են:

Այնպես որ, Սարգսյանին պետք է քաղաքական ճանապարհով պարտադրել հեռացում, թե չէ ինքն իր կամքով չի հեռանա երբեք:

Եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա մեր երկրի մարդկային ու տարածքային կորուստները բազմապատկվելու են, ինչը թույլ տալ չի կարելի:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը