Լրահոս

23.10.2010 12:37


Փորձագետ. «Վրացիներն էլ լավ գիտեն, թե ադրբեջանական ժողովրդագրական էքսպանսիան ինչի է բերելու»

Փորձագետ. «Վրացիներն էլ լավ գիտեն, թե ադրբեջանական ժողովրդագրական էքսպանսիան ինչի է բերելու»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ նոր ճանապարհների կառուցումով աշխուժացել է հայաբնակ Ջավախքը։

-Այդ մարդիկ ամբողջությամբ կտրված էին Վրաստանի մնացած մասից։ Նախկինում նրանց համար ավելի հեշտ էր Երևան հասնել, ամբողջ մթերքը գնում էր Հայաստան, այդ մարդիկ վրացերենն ուսումնասիրելու անհրաժեշտություն չունեին, այդ պատճառով էլ դա նաև քաղաքական տեսանկյուն ունի,-հայտարարել է Սահակաշվիլին և հավելել, որ բացի դրանից' տարածաշրջանում նույն նախագծերի վրա աշխատում են հայերն ու ադրբեջանցիները, որոնց միջև լիարժեք փոխհամաձայնություն և համագործակցություն է։

Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը' «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը «7օր»-ին ասել է, որ այդ ամենը պետք է դիտարկվի ոչ թե տեղական, այլ այն հարթության մեջ, թե արդյոք այսօր տարածաշրջանին' իր հարևան Հայաստանին, նաև հենց Վրաստանին, ապագայում ի՞նչ է տալու ադրբեջանական ներակայությունը՝ հաշվի առնելով թուրքերի ժողովրդագրական ընդլայնումը։

-Բոլորս էլ լավ գիտենք, վրացիներն էլ լավ գիտեն, թե ադրբեջանական ժողովրդագրական էքսպանսիան ինչի է բերելու։ Ամբողջ Կուր գետի վրա հիմա 15-20 ՀԷԿ են սարքում Ջավախքի տարածքում, և բոլորը թրքական ընկերություններ են,-ասել է նա։

Ինչ վերաբերում է հայերի և ադրբեջանցիների միացյալ համագործակցության վերաբերյալ Սահակաշվիլիի հայտարարությանը, Վ. Սարգսյանն ասել է, թե պատմության մեջ ընդհանրապես ադրբեջանցի հասկացություն գոյություն չի ունեցել, հետևաբար որտեղի՞ց նրանք այնտեղ հայտնվեցին, որ հիմա էլ կողք կողքի աշխատում են։ Դա նշանակում է, որ ժողովրդագրական ընդլայնումն օր օրի ավելանում և ամրապնդվում է։

Վ. Սարգսյանը նաև հիշեցրել է, որ երբ 2000-ական թվականներին «Լինսի» հիմնադրամը Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքներ էր իրականացնում, ցանկություն էր հայտնել հասնել նաև մինչև Ջավախք, ինչը, սակայն, մերժվել էր։

-Արդյոք հիմա էլ առանց թուրք-ադրբեջանական ներկայության այդ ճանապարհը հնարավոր չէ՞ր վերանորոգել։ Հիմա  թուրքերին գրկաբաց ընդունում են։ Ես շատ կցանկանայի, որ այդ աշխատանքներում ներգրավված լինեին նաև հայկական ընկերություններ,-ընդգծել է Վահե Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը