Լրահոս

03.08.2016 12:11


Փաստաբան. «Ոստիկանությունն է հարձակվել ժողովրդի վրա և ծեծի ենթարկել» (տեսանյութ)

Փաստաբան. «Ոստիկանությունն է հարձակվել ժողովրդի վրա և ծեծի ենթարկել» (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, որ բոլոր պաշտպանյալներին արհեստական մեղադրանքներ են առաջադրվել նրանց ազատ արտահայտվելու, հավաքներին մասնակցելու իրավունքները սահմանափակելու նպատակով։

–Մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ անհիմն ձևով մեր պաշտպանյալներին առանձնացրել են հանրությունից, սահմանափակել նրանց իրավունքները։ Այնպիսի տպավորություն է, որ այդ մեղադրանքները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները,–ասել է փաստաբանը։

Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր կարող են ազդեցություն ունենալ այս իրավիճակի վրա, միջամտել նման համատարած անօրինությունները կանխելու համար։

Գիվի Հովհաննիսյանը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանի պաշտպանը, նշել է, որ իր պաշտպանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, որն ակնհայտորեն ապօրինի է։

Գոյություն ունեն տեսանյութեր, որտեղ միանշանակ հիմնավորվում է, որ առաջինը՝ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, ոստիկանությունն է հարձակվել ժողովրդի վրա և ծեծի ենթարկել, իսկ Արմեն Մարտիրոսյանը միջոցներ է ձեռնարկել, բանակցել ոստիկանության հետ բախումներից խուսափելու նպատակով։ Մեղադրանքները շինծու են՝ հորինած հեքիաթի նման,–ասել է Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս դեպքում իշխանություններն իրենց ցանկություններն են կատարում՝ մարդկանց զերծ պահելով իրենց իրավունքները պաշտպանելուց։

Անձանց մեկուսացնելով, հասարակության մեջ սադրիչներ մտցնելով՝ փորձելու են այնպես անել, որպեսզի հասարակությունն այդ սադրանքին ենթարկվի, և բախումներ լինեն ոստիկանութան հետ, որի հետևանքով կստացվի այնպես, որ գործ ունեն ոչ թե իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների, այլ, իբր թե, հանցագործների հետ,–նկատել է փաստաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը