Մեկնաբանություն

03.08.2016 13:00


Երեք ամոթ Սերժ Սարգսյանի ելույթում

Երեք ամոթ Սերժ Սարգսյանի ելույթում

ԱՄՈԹ 1. Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում ըստ ԱՄՆ դեսպանի շարժերի:

Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ներողություն խնդրեց միայն լրագրողներից, քանի որ ԱՄՆ դեսպանն այցելել էր միայն լրագրողներին և հատուկ մտահոգություն էր հայտնել լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ:

Դեսպան Միլսը չայցելեց աչքը կորցրած տասնյոթամյա պատանուն և չհայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին ջարդելն ու դեռահասների աչքը հանելը լավ բան չեն: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանն իր ելույթում ներողություն կխնդրեր նաև աչքը կորցրած պատանուց և դաժան ծեծի ենթարկված ՀՀ քաղաքացիներից:

Եթե ԱՄՆ կամ ԵՄ հետ սերտ հարաբերություններ ունեցող հասարակական կազմակերպությունները պահանջեին, որ ազատ արձակվեն Արմեն Մարտիրոսյանը, Ալեք Ենիգոմշյանը, Եղիշե Պետրոսյանը և մյուս քաղբանտարկյալները, ինչպես նրանք դա արեցին Լևոն Բարսեղյանի պարագայում, ապա նրանց էլ Սերժ Սարգսյանն արագ բաց կթողներ և միգուցե իր ելույթում նրանց էլ խնդրեր ընկնել խոր մոռացության գիրկը:

ԱՄՈԹ 2. Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ իրենից է կախված լրագրող ծեծել-չծեծելը:

Իր տխրահռչակ ելույթում Սերժ Սարգսյանը լրագրողներին խոստանում է, որ այլևս նրանք երբեք ծեծ չեն ուտի: Այդպիսի խոստում կարող է տալ այն մարդը, ով ինքն էր տվել ծեծելու հրամանը, կամ ով կարող էր կանխել նման ծեծը, բայց չէր կանխել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ եթե ինքը ուզեր, ապա լրագրողները ծեծ չէին ուտի:

Փաստորեն, այսուհետև միայն լրագրողներն են պաշտպանված ոստիկանական բռնություններից, որովհետև ԱՄՆ դեպանն ու միջազգային կառույցները վերջապես կարողացել են այսօրվա նախագահին բացատրել, որ լրագրող ծեծելը շատ վատ բան է:

Չնայած լրագրողները դժվար թե հավատան իրենց չծեծելու այդ խոստմանը, քանի որ Սերժ Սարգսյանը լայնորեն հայտնի է իր հարյուրավոր դրժած խոստումներով:

ԱՄՈԹ 3. Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափեց իր հրաժարականի թեմայից:

Սերժ Սարգսյանն իր ու իր թիմի արարքում ոչ մի թերացում չտեսավ և ոչ մի հրաժարական չհայտնեց ու չխոստացավ: Ամենակարևորը՝ ոչ մի կերպ չանդրադարձավ ողջ հայության վաղեմի պահանջին՝ իր հրաժարականին:

Նույնիսկ եթե իր մերձավորները իրենից թաքցնում են ժողովրդական տրամադրությունները իր պաշտոնավարման մասին, բավական էր, որ նա մտներ որևէ սոցիալական ցանց, և անմիջապես կտեսներ, թե մարդիկ ինչի մասին են խոսում ու երազում:

Կարող էր նվազագույնը ծանոթանալ «Բի ԲԻ Սի» հեռուստաընկերության հարցախույզին, որը պարզել էր, որ Երևանում չի կարողացել գտնել գոնե մի մարդ, որ դատապարտում է «Սասնա ծռեր» խմբի արարքը: Մինչդեռ ապստամբների հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր:

Մի խոսքով, ԱՄՈԹ է:

Սալվադոր Երանոսյան

Այս խորագրի վերջին նյութերը