Մեկնաբանություն

05.08.2016 00:05


Իսկական կոմեդիա

Իսկական կոմեդիա

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար»: Հատված Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի 1-ի «դարակազմիկ» ելույթից:

Երեք օր անց պարզվեց՝ այդ մարմիններն այնքան էլ պրոֆեսիոնալ ու գրագետ չէին: Սարգսյանը նախ գործից ազատեց ՀՀ գլխավոր դատախազին, ապա՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալին: Եվ չափազանց օպերատիվություն դրսևորելով՝ նրանց փոխարեն այլ մարդկանց նշանակեց այդ պաշտոններում (առաջինի դեպքում՝ պաշտոնակատար. բայց դե, գիտենք, թե ինչ է նշանակում դա): Ո՜ւր էր, թե նման օպերատիվությամբ կարողանար երկրում կուտակված խնդիրներին լուծում տալ: Ինչևէ:

Ամենազարմանալին Գևորգ Կոստանյանի հրաժարականի «պատճառաբանությունն» է: 38-ամյա արդեն նախկին գլխավոր դատախազը պարզվում է՝ առողջական խնդիրների պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել (Գալուստ Սահակյանը ՀՀ հարկատուների հաշվին արդեն երկրորդ անգամ մեկնում է Գերմանիա բուժման, հետ է գալիս ու շարունակում ԱԺ նիստերը «վարել», իսկ ահա 38-ամյա Կոստանյանը այնպիսի «հիվանդ» է, որ չի կարողանում աշխատել): Ի դեպ, Կոստանյանը հե՛նց Սարգսյանի աճեցրած կադրն է. 2008-2011թթ. եղել է նրա օգնականը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի արդեն նախկին առաջին տեղակալին, ապա Հրանտ Եպիսկոպոսյանը հանրությանն անհայտ դեմք է: Սակայն երբ օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնում ԱԱԾ-ին, ինչին հետևում է նրա կողմից տնօրենի առաջին տեղակալի պաշտոնազրկումը, ապա մտածում ես՝ որտե՞ղ է տրամաբանությունը: Տրամաբանությունը ՀՀԿ ղեկավարի «սառնասրտության» և «մեծահոգությա՞ն» մեջ է, թե՞ ժողովո՜ւրդ, տեսեք, որ ես արմատական փոփոխություններ եմ սկսել... Իսկական կոմեդիա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը